Աշոտը` դատապարտյալներին մարդ մնալու ճանապարհն է ցույց տալիս.Անդրիաս Ղուկասյանը`ցմահ դատապարտյալի մասին

«Իմ կարծիքով Աշոտ Մանուկյանի դեպքը շատ կարևոր և օրինակելի կարող է լինել`ցմահ կամ երկարատև ժամկետներով  ազատազրկման դատապարտված շատ անձանց համար:Աշոտ Մանուկյանի դեպքը դա այն դեպքն է, որը վկայում է, թե մարդը ինչպես կարող է 23 տարի անցնել պատժի զրկանքների միջով և ճանապարհ գտնել վերականգնելու իր մարդկային տեսակը և կեցվածքը: Սա շատ կարևոր է մեր դատական համակարգի համար և ուղղություն է ցույց տալիս նման իրավիճակում հայտնված անձին` վերադառնալ բնականոն կյանք»,-Arlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի զղջմանը և հանգամանքին, որ նրան ներել են սպանված զինվորների մայրերը,  ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքական գործիչը նշում է, որ Աշոտ Մանուկյանը ՔԿՀ-ում պահպանել է իր արժանապատիվ մարդ տեսակը և կարևորում է հանգամանքը, որ ցմահ դատապարտյալը արժանանում է հարգանքի և ՔԿՀ աշխատակիցների կողմից և դատապարտյալների կողմից և մանավանդ նրան կարողացել են ներել սպանված զինվորների հարազատները:

«Աշոտը` դատապարտյալներին մարդ մնալու ճանապարհն է ցույց տալիս: Նա ՔԿՀ-ի համար պարկեշտ դատապարտյալ է և հումանիզմի սկզբունքն համաձայն է շարժվում:Ես երաշխավորում եմ Աշոտ Մանուկյանի համար, որ նա ազատության մեջ լինելով երբևէ վատ բան չի անի:Արդարադատության համար սա շատ կարևոր հանգամանք պետք է լինի: Իմ կալանավորված լինելու ժամանակահատվածում լսել եմ նրա մասին: Չնայած նա էլ, ես էլ  իզալացված պայմաններում էինք, բայց նրա մասին դրական էին խոսում: Այո, նա կատարել է ծանր հանցագործություն, բայց արժանապատիվ ելք է ընտրել այդ ամենի միջից ինչ-որ ձևով դուրս գալու համար: Կարևոր է նաև այն գիրքը, որը գրել է Աշոտը: Այն ուղերձ է բանակում ծառայող մեր զինվորներին և առայսօր ակտուալ է»,-նշեց Անդրիաս Ղուկասյանը:

Հասարակական-քաղաքական գործիչը փաստում է, որ ցմահ դատապարտյալի ուղերձը, որն է բանակում լինել համերաշխ և զիջող`շատ կարևոր է:

«Սա ավելի մեծ նշանակության ուղերձ է, քան պաշտպանության նախարարների մինչև օրս հնչած բոլոր ուղերձները: Իմ կարծիքով այս ամենը վկայում է, որ Աշոտը հատուցել է իր արած հանցանքի համար, զղջացել է և փորձում է երիտասարդ զինվորների զերծ պահել նման քայլերից»,-ընդգծում է Անդրիաս Ղուկասյանը և կոչ է անում, որ պատժի համակարգը չլինի մի ուղղությամբ և մարդուն միշտ տեղ թողնվի վերափոխվելու համար:

Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ Աշոտի վաղաժամկետ հայցը քննող դատավորը վճռական կգտնվի և ազատ կարձակի նրան:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 20-ին, ժամը 14:00 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում(Հասցե՝ Կամոյի 5 ), դատավոր Վ.Խալաթյանի վարույթում կկայանա արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման գործով դատական նիստը:

 Նշենք, որ օգոստոսի 2-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց մեղադրողի չներկայանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 19 տարեկան հասակում՝ երեք զինվորների սպանության մեղադրանքով: Երեք զինվորների մայրերը ներել են Աշոտին:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *