«Ես որպես մայր արդեն 23 տարի ազատության մեջ պատիժ եմ կրում: Վերջին ամիսներին ամեն վայրկյան սպասում եմ: Չեմ ուզում վատատես լինել, հավատում եմ, որ դատարանը կհասկանա, որ իմ որդին շատ է տառապել, զղջացել է ու ազատ կարձակի նրան: Ես բառեր չեմ գտնում ցավս արտահայտելու համար»,- Arlur.am-ի հետ զրույցում դժվարությամբ, զսպելով հոգու ցավը ասաց արդեն 23 ու կես տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի մայրը` Սաթենիկ Մանուկյանը:
Վերջին օրերին Սաթենիկ Մանուկյանի առողջությունը շատ է վատացել: Բավականին բարձր է արյան ճնշումը(220-160), սակայն նա չի ուզում խոսել այդ մասին: Նա ասում է, որ որդին ազատության մեջ գտնվելով, միայն բարի գործերի է ընդունակ:
«Աշոտը անցել է դժոխքի միջով: Դատավորը Աշոտին ազատելով կանի իր մեծագույն բարի քայլը, որը իմ իմանալով, նաև օրենքի շրջանակում է: Իմ որդին ուզում է աշխատել, ուզում է բարի գործեր անել, ուզում է լինել իր մեղքով կյանքից հեռացած տղաների ընտանիքների կողքին: Ես հավատում եմ, որ մեծահոգությունը և հավատը այսօր կօգնի ու կփրկի շատերիս»,-նշեց Սաթենիկ Մանուկյանը:
Աշոտ Մանուկյանի հայրը` Մանվել Մանուկյանը լռում է և տառապում: Նա չի ցանկանում խոսել, որովհետև ամբողջ կյանքում լուռ է տարել ցավը:
Աշոտ Մանուկյանը դատապարտվեց 19 տարեկանում: 20 ամյակը նա դիմավորեց մահապատժի խցում: Հիմա նա 43 տարեկան հասուն տղամարդ է: Աշոտը իր վերջին 23 տարին ապրել է արժանապատիվ: Փորձել է իր խորհուրդներով օգնել առաջին հանցանքը կատարած մարդկանց:
Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 19 տարեկան հասակում՝ երեք զինվորների սպանության մեղադրանքով:
Նշեն, որ նախորդ ՔԿՀ վարչությունը դրական է բնութագրում Աշոտ Մանուկյանին: Նախորդ դատական նիստին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանը ցմահ դատապարտյալի մասին խոսելիս նշեց.
«Դատապարտյալի մոտ նկատելի է պետական մտածելակերպ, նա ցանկանում է, որ երկիրը բարգավաճի։ Պետական ռեսուրսների նկատմամբ անտարբեր չի։ Ունի կառուցողական մտածելակերպ: Բացասական դիրքորոշում ունի քրեական ենթամշակույթի հանդեպ: Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը բազմաթիվ երիտասարդների, ովքեր դարձել են հանցագործ և դատապարտվել ուղղորդել է, որ վերափոխվեն և կյանքի նոր սկիզբ դնեն»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին , ժամը 15:30 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում(Հասցե՝ Կամոյի 5 ), դատավոր Վ.Խալաթյանի վարույթում կկայանա արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման գործով դատական նիստը, որը հավանաբար եզրափակիչ նիստ կլինի:
Լուսին Ղազարյան
Թեմային առնչվող մնացած նյութերը`
Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը /տեսանյութ/
Հուսանք Խալաթյանը նոր Հայաստանում սկսել է դատել արդարության սկզբունքով։