«Չգոռաց, չպոռթկաց՝ տո քար աշխարհ, տո Մարդ-Աստծո, էս ի՞նչ արիր». դատապարտված լրագրողը՝ ցմահ դատապարտյալի մասին

Ազատության մեջ «հանցագործ» բառը լսելիս՝ մի տեսակ այլ զգացում էի ունենում, առավել եւս սարսափում էի «ցմահ» բառը  լսելուց։ Բայց , արդեն, երբ ես հանցագործ էի ու կալանավայրում շփվում էի  հանցագործ աշխարհի մարդկանց, ցմահ դատապարտյալների հետ՝ հասկացա, որ բոլորս ու բոլորն էլ մարդ են։
Սխալվելուց ոչ մեկը ապահովագրված չէ։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեջբերել իմ լավագույն լրագրող  ընկերեներից մեկի խոսքերը. «Պարզապես էնտեղ, որտեղ դու ես հիմա, օրենքով պատժվողներն են։ Իսկ երկինքը համբերատար սպասում է յուրաքանչյուրիս ժամանակ տալով, որպեսզի ապաշխարենք»։

 Չեմ ուզում ու իրավունք էլ չունեմ դատելու այն դատավորին, որ օրերս մերժեց պայմանական վաղաժամկետ ազատել ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին։ Գո՞ւցե խղճի մտոք ներքին համոզմունքն էր, կամ օրենքի կետին ու տառին արդարացի որոշում էր։ Քավ լիցի՝ բան չունեմ ասելու։ Բայց այն, որ Աշոտին պիտի շանս տրվեր՝ աներկբա է։ 19 տարեկան պատանին, որը բանակում իր համածառայակիցներից երեք հոգու կյանք է խլել, 23 տարվա անազատության ընթացքում վերանայել է կյանքի արժեքները, վերաիմաստավորել անցածը՝ զղջալով, որը վայրկյանների տաքարյուն որոշումը ծանր հետեւանք ունեցավ։ Ինչպես Աշոտն է ասում՝ «հանգիստ ու երջանիկ կյանքից ընդամենը մեկ քայլ է դեպի տառապանքներ»: Աշոտին ներել են իր սպանված ընկերների ծնողները, բայց ինքն իրեն չի ներում՝ պահի տակ ճակատագրական սխալ գործելու համար։

Այս խարազանը, կյանքի այս դրվագը ընդմիշտ դրոշմվել է Աշոտի հիշողության մեջ։ Ըստ նրա՝ եթե սպանված ընկերների մայրերը ներել են իրեն, ուրեմն Աստված նույնպես ներել է, քանի որ Աշոտի պատկերացմամբ մայրը նաեւ Աստված է։
 Հոգեբանություն է ուսանում, հոգեբանական խնդիրներ ունեցող դատապարտյալները նրան են դիմում սթրեսի դեպքում։ Ավելի շուտ չեն դիմում։ Նկատելով դատապարտյալ ընկերոջ հոգևիճակը՝ ինքն է առաջարկում զրուցել, փորձելով գտնել ելքեր։
 Ծխախոտի վերջին հատիկը կկիսի ուրիշի հետ, ֆինասնական խնդիր ունես՝ կփորձի գտնել ու ձեռքդ բռնել։

Աշոտին ճանաչողները տվել են նրա իրական բնութագիրը: Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:

 Իսկ նրանք, ովքեր չեն հավատացել ու փաստերը արձանագրել են իրենց տեսանկյունից նշել են, որ բարձր է հանցագործություն կատարելու ռիսկայնությունը։
Տիար եւ տիկին փորձագետներ, ռիսկային մարդը կալանավայրում էլ կփորձի իր ուժը ցույց տալ, կերեւակայի իրեն, բարձրից կնայի իր բախտակիցներին։ Կամ ասենք բարձր է՝ մարդուն շանս տվեք դրսեւորելու իրեն ազատության մեջ։ Չէ՞ որ Աշոտին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ եք ազատում եւ աննշան փոքր սխալի պատճառով անմիջապես կարող եք նրան նորից «փակել»:
 Լուռ լսեց Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշումը. չգոռաց, չպոռթկաց՝ տո քար աշխարհ, տո Մարդ-Աստծո, էս ի՞նչ արիր: Ցմահ է ի վերջո, կորցնելու բան չուներ՝ կարող էր այսպես ասած «ռիսկայնությունը» ի ցույց դնել։ Չարեց, որովհետեւ ռիսկային չէ, չարեց, քանի որ Աշոտը առաջվա երիտասարդը չի, նա փոխվել է, նա ապաշխարել է, նա ուղղվել է եւ պիտանի կլինի հասարակությանը։ Շատ եմ ուզում, որ Վերաքննիչ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատի Աշոտին եւ օր առաջ նա վայելի ազատությունը։
 Լավատես եմ, գործը չի հասնելու Վճռաբեկ դատարան կամ Եվրոդատարան։ Ի վերջո, բացի այս դատարանների վճիռներից, կա նաեւ Բարձրյալի դատ ու դատաստան, որն անքննելի է եւ բողոքարկման ենթակա չէ։ Հավատում եմ, որ այդ ժամանակ՝ Բարձրյալը նույնպես կների Աշոտին, քանի որ Բարձրյալին՝ Աշոտի սպանված ընկերները նույնպես ասել են, որ ներել են նրան։ Մնում է երկնքից նրանց ձայնը հասնի երկրային դատավորներին։

 Արմենակ/Արմեն/ Դավթյան, լրագրող, այժմ «Արմավիր» ՔԿՀ-դատապարտյալ

2 Comments on “«Չգոռաց, չպոռթկաց՝ տո քար աշխարհ, տո Մարդ-Աստծո, էս ի՞նչ արիր». դատապարտված լրագրողը՝ ցմահ դատապարտյալի մասին”

  1. Հայացք ներսից
    Երևի թե հնարավոր չէ , որ ազատության մեջ գտնվողներս, հասկանանք այն անլուր տառապանքը, որ անազատ մարդն է զգում, որ ցմահ զրկված է ազատությունից, արևի լույսի վայելումից։ Ոչ ոք իրավունք չունի մյուսին զրկել կյանքից, բայցև յուրաքանչյուր մարդ յուրովի է կրում պատիժը։ Երբեմն նման խիստ պայմանները մարդուն դարձնում են բյուրեղի պես։ Եթե ալմաստը գեղեցիկ կանոնավոր նիստավորում են, այն վերածվում է ադամանդի։ Կարծում եմ, սա այն դեպքն է,երբ 23 տարին հղկել են մարդ էակին և դարձրել մարդկային որակներով շատ-շատերիցս լավը։ Կրկին ու կրկին հանգում եմ այն մտքին , որ նրանց համար , ովքեր իսկապես ուղղվել են, ինչ-որ միջանկյալ կարգավիճակ տրվի՝ կիսաազատ վիճակ։ Վերջիվերջո, հիմա այնքան հեռահսկվող համակարգեր կան, որոնց միջոցով նրանք կվերահսկվեն։ Այստեղ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, գուցե նաև օբուդսմենի կարիք։

  2. Սենց մի բան կա, միշտ հեշտ ենք քննադատում դիմացինին, երբեմն փորձում ենք մտնել դրության մեջ, բայց չենք կարող մինչև վերջ հասկանալ նրա ցավը, մինչև ինքներս չբախվենք այդ ցավին։
    Ի՞նչ խոսք; կարելի էր հնարավորություն տալ` գոնե բաց ռեժիմ տալով։ Թեկուզ նույն ցմահը պահելով։ Ի վերջո նա էլ մարդ է։ Երբեք պետք չէ մոռանալ գերագույն պաշտոնի մասին; այն է` Մարդ։ Դատավորը պետք է ծանոթանա գործին; հաշվի առնի ՔԿՀ֊ի աշխատակիցների կարծիքները։ Չէ՞ որ նրանք են ամեն Աստծո օր շփվում կալանավորների հետ։ Մեծամասամբ գործին ծանոթանում են հենց նիստի ժամանակ ու կայացնում են; չասեմ սխալ; անհասկանալի որոշումներ։
    Ամեն դեպքում Աստծո գործերն անքննելի են։ Ամենքս այս աշխարհ գալիս ենք ինչ֊որ առաքելությամբ։ Գուցե Աշոտի առաքելությունն էլ հենց ուղղուց շեղված կալանավորներին ճիշտ ուղղու վրա դնելն է։
    Դիմում ու խնդրում եմ բոլոր կալանավորներին` հույսներդ երբեք մի կտրեք; աղոթեք Աստծուն; սրտանց աղոթեք։ Որը որ Աստծո կամքնա; դա էլ կլինի։ Թող Նրա կամքով լինի; ոչ թե ձեր; քանի որ Նա ավելի լավ գիտի; թե որն է մեր(ձեր) համար լավ և ճիշտ։
    Դիմում ու խնդրում եմ դատավորներին։ Հաշվի նստեք ձեր խղճի հետ։ իրա հետ միշտ մենակ եք լինելու։ ոչ մի գումար չի կարող ավելին արժենալ; քան մարդու ազատությունը։ Կայացրեք արդար ու խելամիտ որոշումներ։ Կօրհնվեք։ հակառակ դեպքում կանիծվեք։ դուք եք ընտրում; թե որն ունենաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *