24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալի հարազատները վարչապետից արդարություն են պահանջում

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 13-ին  բողոքի ակցիա  իրականացրին ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները:
Աշոտ Մանուկյանի եղբայրները՝ Արթուր և Ահարոն Մանուկյանները նամակով դիմել են ՀՀ վարչապետին և Արդարադատության նախարարին:

Սեպտեմբերի 4-ին կայացած դատական նիստում  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Խալաթյանը  մերժեց  Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակելու հայցը։
Աշոտ Մանուկյանը քրեակատարողական հիմնարկի կողմից բնութագրվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Պրոբացիայի ծառայությունը զեկույցում նշել է, որ Աշոտ Մանուկյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Աշոտ Մանուկյանի հետ նույն ՔԿՀ-ում պատիժ կրած արդեն նախկին դատապարտյալներ Սամվել Խաչատրյանը և Տիգրան Ղազարյանը փաստեցին, որ Աշոտը բացառիկ բարի անձնավորություն է, ով դարձի է բերել հանցագործության ճանապարհը նոր բռնած բազմաթիվ դատապարտյալների:
Աշոտ Մանուկյանը «Ուրարտու» համալսարանի ուսանող է: Նա հոգեբանություն է ուսումնասիրում: Հրատարակել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» վերնագրով գրքույկ, որտեղ պատմել է իր կատարած հանցագործության մասին և արտահայտել զղջացող մարդու իր զգացմունքները:
«Միայն արդարություն են ուզում՝ օրենքի կետերով։ Արդեն 24 տարի հույսով սպասում էինք, որ որդուս ազատ կարձակեին, սակայն նորից մերժեցին», – լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը, ով նշեց, որ զոհված տղաների մայրերը ներել են Աշոտին:

«Ծնողները նոտարական հաստատման են տվել իրենց համաձայնությունը, պրոբացիային էլ են տվել, դատի օրը նույնպես գրություն են ուղարկել, որ համաձայն են Աշոտի վաղաժամկետ ազատ արձակմանը», – ասաց Սաթենիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ ուղղված և բոլորովին ուրիշ մարդ դարձած որդու ազատության համար պայքարելու են բոլոր ատյաններում՝ մինչև Եվրոդատարան:
Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 19 տարեկանում: 20 ամյակը նա դիմավորել է  մահապատժի խցում: Աշոտը իր վերջին 23 տարին ապրել է արժանապատիվ: Փորձել է իր խորհուրդներով օգնել առաջին հանցանքը կատարած մարդկանց:

Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *