«Բեսպրեդել» ՔԿՀ-ներում. դատապարտյալներին ճնշելու և նվաստացնելու նոր տարբերա՞կ է կիրառվում
![](https://arlur.am/wp-content/uploads/2024/04/timthumb.php_.jpeg)
Ուժի օրենքն ընդդեմ օրենքի ուժի…
Վերջին մեկ շաբաթում աննախադեպ ճնշումներ են սկսվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի այն դատապարտյալների նկատմամբ, որոնք մշտապես առանձնացել են դրական վարքով և վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներում ո՛չ միայն ներգրավվածությամբ, այլև գործուն մասնակցությամբ։ Ինչպես հայտնում են Arlur.am-ի իրազեկ աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազության «Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության» պետ Լևոն Չարխիֆալակյանին դուր չի եկել այն հանգամանքը, որ դատապարտյալները, ովքեր մասնակցում են կրթական և մշակութային միջոցառումներին՝ պետության կողմից տրված «միասնական նմուշի» հագուստներով չեն։
Անշուշտ, այս իրավունքը դատապարտյալներին վերապահված է համապատասխան իրավական ակտով, ավելի ստույգ՝ 27․04․2023 թվականին ուժի մեջ մտած ՀՀ ՔԿԾ Ներքին կանոնակարգի 111 հոդվածով, որում ասվում է․ «Դատապարտյալներն ապահովվում են միասնական նմուշի հագուստով` տարվա եղանակներին, կլիմայական պայմաններին և սեռին համապատասխան, որը կրում են պատժի կրման ողջ ընթացքում, բացառությամբ, երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ»: Ստացվում է, այս նորմը ոչ միայն չի խրախուսվում կիրառել, այլև դատախազության, ասել է թե պետական շահերի պաշտպանությունն ապահովող մարմնի կողմից պարտադրվում է չկիրառել։
Այսպես, օրեր շարունակ պարալիզացվել էին նաև կրթական, վերականգնողական և հանրակրթական դասընթացները, որոնք իրականացվում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ինչու՞, որովհետև դասընթացների մասնակիցները չեն ցանկացել ներկայանալ այդ հագուստով, որը ոչ միայն ծայրաստիճան անհարմար է, ոչ միայն անորակ է այն աստիճան, որ քոր է առաջացնում հագնողների մեծ մասի մոտ, այլև տարանջատում է մարդուն՝ մարդկանցից։
Վերջին մի քանի տարիներին ակտիվորեն իրականացվում են վերասոցիալականացմանաշխատանքներ, և սա ոչ թե անհատների, այլ պետության որդեգրած քաղաքականության արդյունքում։ Ակտիվորեն իրականացվում են կրթական և մշակութային միջոցառումներ ՊՈԱԿ-ի և ՔԿՀ ինքնագործ մշակութային միավորման կողմից։ Հիշարժան են «Հայն ու Հայաստանը», «Թատրոնը և ժամանակը», «1924 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին» միջոցառումները, որոնք արժանացել են քաղհասարակության, մշակույթի գործիչների և քրեակատարողական ոլորտի պատասխանատուների հավանությանը։ Եվ այս ամենից հետո նման հարված՝ իրականացված և դեռ իրականացվող աշխատանքներին․․․
Վերջապես, միևնույն դասընթացին մասնակցում են կալանավորներ և դատապարտյալներ.կալանավորները կաշկանդված և պարտադրված չեն որևէ օրենքով և կրում են քաղաքացիական հագուստ, իսկ դատապարտյալնեը ստիպված են համակերպվել։ Այստեղ տեղին է հիշատակել Ներքին կանոնակարգի մեկ այլ՝ 113 հոդվածը, որն ասում է․ «Կալանավորված անձի կամ դատապարտյալի հագուստը չպետք է որևէ կերպ ճնշի կամ նվաստացնի նրան»: Ինչպե՞ս չճնշվել (ինչու ոչ՝ նվաստացած չզգալ), երբ համարվում ես հասարակության մաս, սակայն այդ նույն հասարակության կողքին կանգնում ես խարանով, որը այս դեպքում արտահայտված է հագուստի տեսքով։
Բոլորովին վերջերս ՔԿՀ-ն համալրվեց նորագույն սերնդի տեսահսկող սարքերով, որը մարդու դեմքով կարող է ցույց տալ ինքնությունը, և այս ֆոնին դատապարտյալին պարտադրվում են անուն-ազգանունով բեյջեր կրել։ Սա վերասոցիալականացման ամեն տեսակ միջոցառումների տրամաբանությանը հակասող գործողություն է, ավելին, սա ուժի օրենքը օրենքի ուժից վեր դասել է, դատապարտյալներին ճնշելու գիտակցված կամ չգիտակցված գործողություն։
Լիահույս ենք, որ այս ահազանգը մտածելու տեղիք կտա պատկան մարմիններին, որոնք էլ իրենց հերթին հետևություններ կանեն։