«Մահացե՞լ եմ, չե’մ մահացել». աննախադեպ իրադարձություն՝ Արմավիր ՔԿՀ-ում

Օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել աննախադեպ մշակութային միջոցառում. ազատազրկված անձանց մասնակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե’մ մահացել» ներկայացումը, որի դերասանական կազմում ընդգրկվել է նաև Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանը։

Այս առիթով՝ Arlur.am-ը զրուցեց ներկայացման հեղինակ և բեմադրող Մուշեղ Մխիթարյանի հետ։

 

– Ճնշող պատերի ներսում՝ դու և քո աշխարհը։ Պատմիր, թե ինչպես ծնվեց ներկայացումը։

– 2023 թվականի տարեվերջին միտք ծագեց թատերական դասընթաց կազմակերպելու։ Պարզվեց` նաև հետաքրքրություն կա դատապարտյալների շրջանում։ Ոգևորությունս մեծացավ, քանի որ վաղուց, որպես «մանկավարժ» և բեմադրիչ, ինձ թոշակառու էի համարում։ Վստահ էլ չէի, թե մի օր կրկին հանդես կգամ՝ իբրև բանախոս… Դասընթացի գաղափարի շուրջ խոսեցի Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության իմ գործընկերների հետ. որոշվեց, որ, եթե քրեակատարողական ծառայությունը թույլատրի, ապա միությունը հավաստագրեր կտա մասնակիցներին։ Քրեակատարողական ծառայությունը չառարկեց, իսկ հիմնարկը օժանդակեց առավելագույնս։ Այսպես սկսվեց այս ամենը։ Հետո երկրորդ խումբը եղավ, հիմա երրորդը…

Ի՞նչ ասեմ, կարճ ժամանակամիջոցում փորձեցի համապարփակ գիտելիքներ հաղորդել թատերական արվեստի ծագման ու զարգացման մասին։ Բայց տեսականն առանց գործնականի ու՞մ է պետք։ Որոշվեց բեմադրել իմ «Մահացե՞լ եմ, չե’մ մահացել» պիեսը, որը հասարակության արատավոր այն երևույթի մասին է, երբ տարեց մարդիկ ընտանիքում դառնում են ավելորդ։ Նրանց կամ ծերանոց են նետում, կամ անհամբեր սպասում թե ե՞րբ պիտի մեռնեն, կամ շահագործում են` գնա շուկա, էս արա, էն արա… չգիտեմ էլ՝ նշվածներից որն է ավելի վատ։ Ներկայացումը նախնական որոշմամբ պետք է լիներ մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը։ Չհասցրինք։ Որոշեցինք խաղալ օգոստոսի 9-ին՝ նվիրելով առաջնախաղը հայ մեծանուն դրամատուրգ Գևորգ Սարգսյանի 90-ամյակին, մարդու, ով մեծ դեր է ունեցել իմ՝ որպես գրող ու քաղաքացի կայացման մեջ։ Ցավոք, սա եղավ վերջին նվերը… վարպետը մահացավ նույն օրը երեկոյան՝ հենց իր 90-ամյակի օրը։

Ինչպես ասացի` մարտից ձգվեց մինչև օգոստոս։ Ինչու՞։ Բանն այն է, որ բարդ էր գտնել մի դերասանուհու, ով այնքան համարձակ կլիներ, որ կգար ՔԿՀ ու դատապարտյալների հետ կաշխատեր՝ որպես ստեղծագործական թիմի լիիրավ անդամ։ Հուրախություն բոլորիս, վերջերս Հայաստանում գտնվող հայազգի նշանավոր դերասանուհի Նորա Արմանին ծանոթացրեց ինձ Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Նալբանդյանի հետ, ում հետ եկել էր մեզ այցի… Արամն էլ ծանոթացրեց Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ՝ չտեսնված բարի մի անձնավորության հետ, ով եկավ անձնավորելու մի քաղքենի կնոջ ու փայլուն կատարեց առաջադրանքը։ Ավելին` հանդես եկավ հետաքրքիր առաջարկներով և եղավ նաև ռեժիսորի ասիստենտ… և այս ամենը` անհատույց։

 

 

– Աշխարհին, մարդուն ուղղված տողատակի խոսքը

– Հարգե’ք, սիրե’ք ու գուրգուրե’ք մեծերին։ Նրանք, ցավոք, հավերժ չեն։ Երկրորդ մեսիջը, որ մարդն ինչ-որ չափով մեղավոր է իր օրվա կացության համար։ Պետք է գտնել պայքարի ուղին ու պահպանել ես-ը։ Այս դեպքում հազիվ թե կարողանան այդկերպ վարվել քեզ հետ… ինչպես գլխավոր հերոսի հետ՝ իր կինն ու որդին։

– Դերասանական կազմի մասին խոսենք…

– Դերասանական կազմում 8 հոգի էին՝ յոթ դատապարտյալ և հրավիրված դերասանուհի։ Այսինքն` բացի Մարիաննայից և ինձանից, որ զբաղված չէի ներկայացման մեջ ու կատարում էի միայն բեմադրիչի գործառույթը, ոչ ոք նախկինում բեմում չէր եղել։

– Երբ ծափահարում են, ի՞նչ եք զգում։

– Զգում եմ, որ հաջողել ենք։ Որ ասելիքը հասու է եղել հանդիսականին։ Անփորձ տղաները սրան զուգահեռ մեծ ոգևորություն ու ստիմուլ են ստանում։ Մեր տղաներից մեկը, մի միջոցառումից հետո՝ երկար ժամանակ, մի քանի շաբաթ ասում էր. «Нас хлопали». ու սա ասում էր մանկան ուրախությամբ։ Սա լավ է։

 

– Ներկայացման ապագան ինչպես եք պատկերացնում։

Ներկայացումը կրկին կխաղանք։ Հավանաբար` սեպտեմբերին։ Արդարադատության նախարարին նամակ եմ գրել, խնդրել` որ իր օրակարգին հարմար օր որոշի և հայտնի ՔԿՀ, թե ե՞րբ խաղանք, որ ներկա լինի։ Ցավոք, այս անգամ գալ չէր կարողացել` խիտ օրակարգում պատուհան չունենալու բերումով։ Եվ հետո` շատերն էին արձակուրդում։ Իսկ սեպտեմբերին Հայաստանում կլինեն և կկարողանան դիտել. վառ օրինակ` ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ով ներկա չեղավ՝ Հայաստանում չլինելու բերումով։ Ավելին ասեմ, մենք արդեն սկսել ենք նոր պիեսի վրա աշխատել։ Նոր բեմականացում էլ կունենանք տարեվերջին։ Այսինքն` երկու ներկայացում… սա արդեն խաղացանկ է։ Հեռահար նպատակ ունենք` թատրոնի կամ թատերախմբի ստատուս ստանալ։

Ափսոս, որ Մշակույթի նախարարությունից արձագանք չեղավ մեր հրավերին, որովհետև սա իրոք նշանակալի իրադարձություն էր։ Ինչպես իր ուղերձում ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝սա այդ օրվա բոլոր թատրոնների ամենակարևոր ներկայացումն էր, դա ամսվա, տարվա ամենակարևորն էր… թեկուզ եթե զիջեր հազար ու մի հարցում՝ դեկորներից մինչև պրոֆեսիոնալիզմ։ Ինչու՞, որովհետև թատրոնին են մերձեցել մարդիկ, ինչը, հաստատ ոմանց կթվա` անհնարին էր։

 

 

Լավ է, որ ներկա էին դատախազության, քրեակատարողական ծառայության և այլ կառույցների անդամներ. նրանք պետք է տեսնեն ամենօրյա աճը՝ մարդու վերափոխումը։ Ինձ համար կարևոր էր նաև Ռուբեն Բաբայանի այցը և վարպետաց, ու հուրախություն մեզ` գոհունակ կարծիքը լսելը։

Թատրոնի ստատուս ունենալն օրախնդիր է։ Սա միջազգային պրակտիկայում այնքան հայտնի և տարածված արտթերապիայի մի մասն է՝ վերասոցիալականացման մի մասը։ Այնպես որ, մենք շարունակելու ենք աննահանջ առաջ ընթանալ։

 

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Լուսանկարները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքէջից։

ՀԵՂԻՆԱԿ

ԿԻՍՎԵ՛Ք ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՈՎ