Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի նոր գիրքը հուզեց շնորհանդեսի մասնակիցներին. վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Հայոց բանակին /տեսանյութ/

Հոկտեմբերի 17-ին Եղիշե Չարենցի Անվան Գրականության և Արվեստի Թանգարանում տեղի ունեցավ արդեն 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի «Կամքը հայի» գրքի շնորհանդեսը։

Աշոտ Մանուկյանի երկրորդ գիրքը ոգեղեն ձոն է հայ հերոսներին: Ցերեկույթին ներկա էին նաև ապրիլյան պատերազմի մասնակիցները  «Դիրքապահ» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը և այլք…
Աշոտ Մանուկյանի ստեղծագործությունը գնահատեց և մեկնաբանեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Գիրքը ներկայացրեց և ցերեկույթը վարեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Արմեն Ավանեսյանը:

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը կիսվեց իր մոտեցմամբ և նշեց, որ առիթ է ունեցել ճանաչելու Աշոտ Մանուկյանին և գնահատելու նրա տեսակը:

«Ֆիդայիններ» ՀԲԿ նախագահ «Տավուշի արծիվ» անվամբ հայտնի Սեյրան Չիլինգարյանը շնորհակալագիր հանձնեց Աշոտ Մանուկյանի մորը: Չիլինգարյանի մոտեցմամբ` զղջումը արդեն իսկ կարևոր է և գնահատելի:

Գրական ցերեկույթ-շնորհանդեսին ելույթ ունեցան նաև գնդապետՎոլոդյա Ավետիսյանը, լրագրող, գրող Լուսին Ղազարյանը, Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի պռոռեկտոր Մարինե Այվազյանը:

Նշենք, որ «Կամքը հայի» գրքույկում ներկայացված է երկու ստեղծագործություն: Առաջին ստեղծագործությունը` «Հայի Ոգին», նվիրված է այն ազատամարտիկներին, ովքեր կերտեցին մի նոր հերոսական էջ հայոց պատմության քառուղիներում` հարյուրամյակներ շարունակ ճնշված և դաժան ցեղասպանություն ապրած ազգից վերածնվելով պայքարող և հաղթող ազգի:

Երկրորդ ստեղծագործությունը` «Առյուծներն Հայոց», խորհրդանշական իննսունութ տողերով, նկարագրում է 2016 թվականի ապրիլյան հերոսամարտը, որի ժամանակ անհավասար պայքարում զոհվեցին իննսունութ քաջորդիներ` իրենց կյանքի գնով պաշտպանելով Արցախ աշխարհը` ազատագրված 1989-1994 թվականներին:

Գրքի վաճառքից գոյացած գումարը ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատները կփոխանցեն Հայոց բանակին ` կարիքը ունեցող զինծառայողներին օգնելու նպատակով:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *