Աղբյուր Սերոբի և Սոսե մայրիկի հուշաքարերը թույլ չտվեցին տեղադրել Եռաբլուրում /տեսանյութ/

Զորավար Անդրանիկի թանգարանի բակում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կանգնեցվեցին Աղբյուր Սերոբի եւ Սոսե մայրիկի հուշաքարերը: Տավուշի Արծիվ անունով հայտնի «Ֆիդայիններ» ՀԲԿ ղեկավար Սեյրան Չիլինգարյանը երկար ժամանակ պայքարում և միջոցներ չէր խնայում, որ Սոսե մայրիկն ու Աղբյուր Սերոբը հուշաքարեր ունենան: Այդ հուշաքարերը պետք է տեղադրվեին «Եռաբլուր» պանթեոնում, սակայն երեկ միայն հայտնի է դարձել, որ հուշաքարերը չեն կարող տեղադրվել «Եռաբլուրում»:

Սեյրան Չիլինգարյանը որոշեց չտապալել նախաձեռնությունը և հուշաքարերը ժամանակավորապես տեղադրվեցին Անդրանիկ Օզանյանի թանգարանի բակում` Սևքարեցի Սաքոյի հուշաքարի կողքին:

Տոնական միջոցառմանը ներկա էին ազատամարտիկներ, քաղաքական–հասարակական գործիչներ եւ քաղաքացիներ։ Իրենց կատարումներով օրը ջերմացրին հայրենասիրական երգերի լավագույն հեղինակ-կատարողները` Աշուղ Ռազմար Սասունցին, Գուսան Հայկազունը, Աշուղ, Աստղանուշը, Աշուղ Ալմաստը, Հենրիկ Շահբազյանը և այլք….

«Գրությունը գրված էր, նկարն ուղարկված էր, բայց վերջում Եռաբլուրի գլխավոր ճարտարապետը թույլ չտվեց, որպեսզի հուշաքարերը տեղադրվեն Եռաբլուրում։ Ցավոք սրտի ես 10 մետր սեփական հող չունեմ, թե չէ կտանեի իմ հողի մեջ կտեղադրեի։ Պատճառաբանել են հուշաքարերի վրա արված զարդանախշերը. Աղբյուր Սերոբի եւ Սոսե Մայրիկի այս հուշաքարերն անպայման տեղադրվելու են Եռաբլուրում, հո իմ վրա չեմ դնելու…»,– մտահոգությունը բարձրաձայնեց Սեյրան Չիլինգարյանը։

Քանդակագործ Արտիկ Քոչարյանը, ով սիրտ և հոգի է դրել հուշաքարերի մեջ նշեց, որ հուշաքարերի վրա բացառապես հայկական խորհրդանշաններ են:

Քանի որ Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի  Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում, Սեյրան Չիլինգարյանը Սբ Կարմրակ եկեղեցու մոտակայքից հող էր բերել, որ հուղարկավորի միակ հայդուկ կին, Նեմրութի Ասլանի սիրելի կնոջ Սոսեյի կողքին:

Սեյրան Չիլինգարյանը հույս ունի, որ առաջիկայում այդ մեծագույն նպատակը իրականություն կդառնա:

Լուսին Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *