Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը հավասարակշռված մարդ է, ով կարող է օրինակ ծառայել շատերին. «Ուրարտու» համալսարանի ռեկտոր

Արդեն 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը իր կյանքում մի լուսավոր բնութագրական կետ է գծել` ինքն իր համար, հավատալով, որ հոգեբանություն ուսումնասիրելով կկարողանա հաղթահարել անազատությունը և  կմեղմի զղջման ցավը:

 Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը գնահատեց Աշոտ Մանուկյանի ուսման տենչն ու գիտելիքները: Համալսարանը իր դռները բացեց ցմահ դատապարտյալի առաջ և 19 տարեկան հասակում դատապարտված և արդեն 40 տարեկան Աշոտը դարձավ ուսանող:
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը Arlur.am-ի հետ զրույցում նշեց.«Կրթվել ցանկացողը՝ կարող է ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ, անկախ նրանից ո՞վ է և ինչպիսի՞ն է ինքը, ի՞նչ անցյալ ունի և ի՞նչ ապագա է սպասվում նրան: Կրթություն ստանալը մարդու Սահմանադրական իրավունքն է»:

«Ուրարտու» համալսարանի ռեկտորը հավաստում է, որ 20 և ավելի տարիները բավական են, որ մարդը գտնի ինքն իր խորքը.«Կան վայրկյաններ, որ մարդու համար դառնում են ամբողջ կյանքի կենսափորձի ճանապարհ, ամբողջությամբ իմաստ են տալիս կյանքին: Աշոտին համարում եմ նորմալ մարդ, երիտասարդ մարդ: Ես իմ գործնեության բավականին երկար տարիների ընթացքում ինձ իրավունք չեմ վերապահել մարդուն հարցնել, թե՞ ինչ հոդվածով է դատվել և ի՞նչն է պատճառը: Դա մեր տիրույթում չէ: Մենք մարդուն հանցագործ չենք դիտում, այլ դիտում ենք որպես մարդ, ուսանող: Կարևոր է, որ կատարի իրեն տրված առաջադրանքները և գնահատվի ըստ դրա»,-նշեց Սեդրակ Սեդրակյանը հավելելով, որ հոգեբանի կոչումն է մարդու տեսակը բացահայտելը:
Պրոֆեսոր  Սեդրակյանը հայտնեց, որ Աշոտ Մանուկյանը լավ է սովորում, մոտիվացված ուսանող է:

 «Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը, երբ մերժեց Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձկվելու մասով դիմումը` հաջորդ օրն իսկ, հաշվի առնելով Աշոտ Մանուկյանի հոգևիճակը փորձեցինք աջակցել Աշոտին և  հանձնաժողովի կազմով գնացինք նրանից քննություն վերցնելու: Աշոտ Մանուկյանը պատրաստ էր և կրկին անգամ ցույց տվեց, որ ինքը պատրաստված ուսանող է: Աշոտը ընկճվելու իրավունք չուներ: Մենք էլ պետք է մեր ուսանողի ունակությունները ճիշտ ժամանակին գնահատեինք: Մենք ցանկանում ենք, որ Աշոտ Մանուկյանը դասերին մասնակցի, որպես ուղղված մարդ»,-նշեց Սեդրակ Սեդրակյանը:

Բազմավաստակ հոգեբանը հույս հայտնեց, որ Աշոտ Մանուկյանը շատերի համար կդառնա ուղղված մարդու օրինակ: Նա նշեց, որ պետության համար կարևոր պետք է լինի հանգամանքը, որ ՔԿՀ-ն դրսևորել է ուղղիչ ֆունկցիա և դա այլ դատապարտյալների պարագայում ևս պետք է երևա:

«Սա պետք է դեր խաղա շատ ու շատ ծանր հանցանք կատարած դատապարտյալների կյանքում: Նրանք պետք է հավատան, որ պատիժը սահմանվել է միայն ուղղման նպատակին ծառայելու համար»,-հավաստեց Սեդրակյանը:

Հոգեբանը նկատում է, որ կան հոգեբանական մոտեցումներ, կա աֆեկտի վիճակ և կա պահ, երբ մարդը իր  արածից հետո` երկրորդ պահին զղջում է կատարած հանցանքի համար: Նա գտնում է, որ Աշոտ Մանուկյանին պետք է հնարավորություն տալ ազատության մեջ իր ձեռք բերած գիտելիքները և կենսափորձը կիրառելու: Սեդրակ Սեդրակյանի խոսքով` Աշոտ Մանուկյանի հոգեկան վիճակը կարող են հետազոտել և պրոֆեսիոնալները կհասկանան, որ նա հավասարակշռված մարդ է, ով կարող է օրինակ ծառայել շատերին:

Պատրաստեց՝ Լուսին Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *