«ՀՅԴ-ի անդաստիարակ պահվածքը պատիվ չի բերում այդ կուսակցությանը». Արայիկ Հարությունյան

«Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որ տեր կանգնեն իրեն կուսակցությանը, որովհետեւ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսեւորում է ՀՅԴ-ն, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դաշնակցականները առիթ ունեցել են մի քանի անգամ «նախագահ, մի զիջիր» տիպի ակցիաներ անելու, որը շատ հաճախ ձախողվել է.
« Կարծում եմ՝ ՀՅԴ-ն նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսեւորեր: Նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, երկրորդ՝ փոխեր անձերին, որովհետեւ նրանք տապալում են Դաշնակցությանը եւ շարունակում են տապալել: Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում, միայն բացասաբար են ազդում, հանրության արձագանքն էլ նրանց գործողություններին տեսնում ենք»,-ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ գործուղումների ժամանակ արտերկրում հանդիպում է դրսում գործող հայկական կառույցների, այդ թվում դաշնակցական կառույցների հետ. «Ես տեսնում եմ, որ այնտեղ մեր դաշնակցական գործընկերները շատ ադեկվատ են, շատ պատրաստակամ են կառուցողական աշխատանքի, ինչն այստեղ չեմ տեսնում»:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց շարքում են ՀՅԴ երիտասարդական միության անդամները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *