«Այն մարդը ում մասին խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է». վարչապետը կողմ է «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը

«Էն մարդը, որի մասին խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է, որի պատվին ֆիլմ է նկարվում, և Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացրել է աշխարհում»,-քիչ առաջ ԿԳՄՍ նախարարության դիմաց ակցիա իրականացնող երիտասարդների հետ  հանդիպման  ժամանակ, անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքին, թե ծանրամարտիկ  Մելինե Դալուզյանը  հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ վարչապետը ասաց.«Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից»:

Ճշտող հարցին, թե ՀՀ վարչապետը  արդարացնում  է այդ ֆինանսավորումը Փաշինյանը արձագանքեց. «Չեմ արդարացնում, ուղղակի այն մարդը ում մասին խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է»:

Դիտարկմանը, թե ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ, այլ նրա կյանքի մասին է,  Փաշինյանը նշեց.  «Հիմա եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր նախկին քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում և իրենք 90 տոկոս իրականացնում են այդ ֆինանսավորումը ու դրանք էնպիսի երկրներ են, որոնք տասնյակ և միլիոնավոր դոլարների օգնություն են ցույց տվել Հայաստանին, ասում են, քանի որ Ձեր երկրի չեմպիոնի մասին է մի պուճուր էլ դուք ներդրում արեք: Այսինքն մենք ֆինանսավորենք, չֆինանսավորենք այդ ֆիլմը լինելու է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
«Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *