«Էդիկը 2 ժամ 15 րոպե դիմադրել է ու զոհվել». անօգնական Կատյա տատը դիմում է ՀՀ կառավարությանը /տեսանյութ/

 Կատյա Հայրապետյանը դեռ փոքր տարիքից իր վրա վերցրեց թոռան՝ Էդուարդ Հայրապետյանի խնամքը: Էդուարդի ծնողները ողջ էին, սակայն հրաժարվել էին նրան մեծացնելու պարտականությունից: Կատյա տատը ծանր օրերով մեծացրեց թոռանը: Հավատում էր, որ զինծառայությունից հետո տան բոլոր հոգսերը Էդիկը կկրի իր ուսերին ու ինքն էլ արժանապատիվ ձևով  կվայելի իր ծերությունը:Ամբողջ գյուղը գիտի և պատմում է, թե ինչ տառապանքների միջով է անցել Կատյա տատը, ինչ դժվարությամբ է սնունդ գնել, փաթեթավորել ու ուղարկել սիրելի թոռանը:

Տատիկը հիշում է՝ դպրոցական արձակուրդներին Էդիկը  պարտադիր աշխատում էր: Տատն էլ իր հերթին ամեն ինչ անում էր, որ նա դպրոցական քեֆերից ու առիթներից զուրկ չմնա:

Էդուրադը ցավոք չվերադարձավ: Զոհվեց հերոսի մահով՝ կրակելով մինչև վերջին շունչը և թույլ չտալով, որ դիվերսանտները գրավեն հայկական  դիրքը:

«Թուրքեր վաղ առավոտյան մոտ 60 հոգով մտել են դիրք: Էդիկը 2 ժամ 15 րոպե դիմադրել է: Երեք ընկերներով զոհվել են: Հետախույզ է եղել իմ թոռը, իսկ հիմա ես ծանր վիճակում եմ: Տիկին Մարգարիտան (նկատի ունի «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին) գիտի իմ Էդիկի մասին: Նրան հանդիպել է մինչ զոհվելը: Էդիկի հայրը այդպես էլ հայր չդառավ իր երեխաների համար…»,-Arlur.am-ի հետ զրույցում պատմեց Կատյա Հայրապետյանը:
Կատյա Հայրապետյանը չի կարողանում խոսել առանց արցունքների: Նա ստիպված է դիմել  ՀՀ կառավարությանը, որովհետև կանգնել է ծանր իրավիճակի առաջ: Չի կարողանում վճարել վարկը, որը վերցրել է որոշ կարիքներ հոգալու համար:

«Գերեզմանին «յոլկեք» եմ դրել, ամեն ինչ անում եմ , որ երեխուս հիշատակը հավերժանա, որ մարդիկ իմանան իմ Էդոն սարերի վրա է զոհվել: Վարկ եմ վերցրել ու չեմ կարողանում էտ տոկոսների տակից դուրս գամ, գոնե հաշվի առնեն ու տոկոսները նվազեցնեն, որ կարողանամ իմ թոշակով մայր գումարը փակեց»,-մանրամասնեց Կատյա Հայապետյանը:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ծնված Էդուարդ Հայրապետյանը 2013 թ. թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և ծառայության անցել ԱՀ Մարտակերտի շրջանի N զորամասում՝ որպես հետախույզ–գնդացրորդ:

2015 թ. մարտի 19–ին, ժամը 8:30–ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախչել, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, մարտի ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995 թ.), Արշակ Հարությունյանը (1995 թ.), իսկ Սամվել Հակոբյանը(1995 թ.), ով ծանր վիրավորում էր ստացել մարտի ժամանակ, օրեր հետո մահացել է զինվորական հոսպիտալում։

Էդուարդ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից` «Արիության համար» մեդալներով:

Պատրաստեց՝ Լուսին Ղազարյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *