Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից այսօր հեռացած , ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ի հետ այս փուլում որեւէ առնչություն չի ունենալու։

«Ես գործկոմին առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը։ Գործկոմում ունեցանք քննարկում։ Գործկոմի հրաժարականը նշանակում է, որ նույնպես պատասխանատու է իրավիճակի համար։

ՀՖՖ կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչպես են ընտրվում ժողովի մասնակից ՀԿ-ները։ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ղեկավարությամբ մեկ ամսում կիրականացվի մաքրման աշխատանքը, բոլորի վստահությունը վայելող ժողովը կընտրի նոր գործկոմ եւ նախագահ։

Ընտրվելուց ես հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով եւ ունեմ այլ առաքելություն։

Մենք քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր։ Ես եմ առաջարկել, որ թողնեմ նախագահի պաշտոնը, քանի որ Իտալիայից կրած պարտության պատասխանատվությունը որեւէ մեկը պետք է վերցներ։ Գործկոմը հավանության արժանացրեց այս հրաժարականը։ Մենք քվեարկեցինք եւ դեկտեմբերի 23-ին հրավիրեցինք արտահերթ ժողով, որը կընտրի նոր գործկոմ եւ նոր նախագահ։

Մենք կատարել ենք շատ մեծ աշխատանք, զարգացրել ենք մանկապատանեկան ֆուտբոլը, 51 փոքր խաղադաշտ է կառուցվել մարզերում։ Առաջիկա չորս տարում կառուցելու ենք եւս 500 դաշտ մարզերում։ Կա բարոյական պատասխանատվության հարց»,ասել է Արթուր Վանեցյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *