Կրակոցներ՝ Էրեբունիում. հանգամանքները պարզվում են

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երեւան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը եւ պատին ամրացված տեսախցիկը:

Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել է վարույթ:

Բացի այդ, տվյալներ են ստացվել նաեւ 2019 թ. նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի առաջին հարկում  գտնվող բնակարանի եւ 2019 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ եւս Ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինված միջադեպերի առերեւույթ կազմակերպչի եւ մասնակից անձանցից մի քանիսի ինքնության վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որ վերջիններս, հնարավ որ է, իրենց բնակության վայրերում պահել են զենք եւ զինամթերք:

Հարուցված քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ վերոհիշյալ թվով երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որի ընթացքում  հայտնաբերված առարկաների վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ, հայտնաբերվել եւ առգրավվել են կրակված փամփուշտների գնդակների չորս բեկորներ, վնասված տեսանկարահանող սարք, կրակված փամփուշտի գնդակների մնացորդներ, թվով 25 կրակված 5/39 տրամաչափի փամփուշտների պարկուճներ:  Հայտնաբերվել է նաեւ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ բոլոր հանգամանքները պարզելու, դեպքերին մասնակցություն ունեցած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *