«Ոնց որ գերեզմանի մեջ լինեի. 24 տարի հետո տեսա երկինքը` առանց ճաղավանդակների». ցմահ դատապարտյալը չի կորցրել հավատը /տեսանյութ/

Աշոտ Մանուկյանը մահապատժի դատապարտվեց 1996 թվականին: Փետրվարին  կլրանա Աշոտ Մանուկյանի անազատության, ցավի, պայքարի և զղջման  24 տարին:Աշոտը ընդամենը 19 տարեկան էր, երբ դատապարտվեց:

2003թ  օգոստոսի 1-ին  հայաստանյան բանտերում գտնվող՝  մահապատժի  դատապարտված 42 դատապարտյալ դարձան ցմահ ազատազրկվածներ։ Նրանց ճակատագիրը  փոխեց    գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի  01.08.2003թ. ՆՀ-103-Ա  հրամանագիրը,որով նրանց ներում շնորհվեց  եւ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Աշոտ Մանուկյանը 42-ից` 1-էր:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը սեպտեմբերի 4-ին մերժեց դրական նկարագիր ունեցող ցմահ դատապարտյալին ազատություն վերադարձնելու մասով դիմումը: Աշոտ Մանուկյանի շահերի պաշտպանները դիմեցին վերաքննիչ դատարան: Նոյեմբերի 4-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Աշոտ Մանուկյանը միևնույնն է հավատում է: Նա նշում է, որ ցավի մեջ անգամ պետք է հավատ փնտրել:

«Դատապարտման առաջին տարիներին, ոնց որ գերեզմանի մեջ լինեինք: Անգամ ապակու հետևից դուրսը չէինք տեսնում: Դա անցել է…ես միշտ փորձում եմ լավը հիշել»,-Arlur.am-ի հետ զրույցում պատմեց Աշոտ Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանը հավատը չի կորցրել  ու հենց հավատն է, որ Աշոտին կապում է կյանքին: Մոտ մեկ ամիս «Սևան» ՔԿՀ-ում է` կիսաբաց ռեժիմի պայմաններում: Մոմ է վառում ՔԿՀ-ում կառուցված եկեղեցում և աղոթում:

«Դուռը բաց է` գիշեր-ցերեկ: Դուրս ես գալիս ու նայում ես երկնքին ու դա առանց ճաղավանդակների»,-նշում է Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը պատիժը կրում է 1996 թվականից և այս տարիներին դրսևորվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Նա գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս: 
Նա դատապարտվել է 19 տարեկան հասակում` երեք զինվորների սպանության համար: Զղջացել է կատարած հանցանքի համար և արժանացել սպանված զինվորների ծնողների ներմանը:

Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ
Պրոբացիայի ծառայության ներկայացրած զեկույցում նշվում է, որ ազատության մեջ Մանուկյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ զատելու մասին հայցը:

Աշոտ Մանուկյանը երկու գրքի հեղինակ է: Առաջին գիրք  «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» ուղղված է զինվորներին:Վերջերս լույս տեսած «Կամքը հայի» գիրքը նվիրված Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի զոհերին:

Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է դեկտեմբերի 2-ին, ժամը 15:30-ին:

Լուսին Ղազարյան

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *