42-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Վերջինս ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենայի վարորդը բեռի օրինականությունը ստուգելու նպատակով իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանության Գորիսի բաժին ներկայանալու օրինական պահանջը չի կատարել եւ դիմել է փախուստի:

Այնուհետեւ տեսուչի կանչով օգնության եկած նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները, փարոսիկներ եւ ազդանշաներ տալով, փորձել են կանգնեցնել «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, սակայն նշված մեքենայի վարորդը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների՝ վտանգավոր երթեւեկությունը դադարեցնելու օրինական պահանջներին, ավտոմեքենան վարելով Սիսիան քաղաքի ուղղությամբ՝ ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ոստիկանների ավտոմեքենայի հետնամասին՝ այն դուրս հանելով ճանապարհի երթեւեկելի մասից, իսկ բեռնատար ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցվել է Սիսիան քաղաքից ընդառաջ եկած ՃՈ աշխատակիցների օժանդակությամբ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 326-րդ հոդվածով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:

Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է եւ հարցաքննվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *