«Քրեական ենթամշակույթին հարելու համար կարո՞ղ են Ձեր թիմակիցները Ձեր դեմ գործ հարուցել». Նաիրա Զոհրաբյանի հարցը՝ Հայկ Մարությանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

. «Պարզ հարց քաղաքապետ Մարությանին

Երեւանի քաղաքապետը, ում երեւանցին ընտրեց, որ համազգային հեղափոխական «դուխի» դեցիբելը չնվազի, վերջին շրջանում ոչինչ չի հիշում։

Չի հիշում թե թվով 20 «Կամազ»-ները քաղաքապետարանին ով է նվիրել, չի հիշում այն անձանց ու կազմակերպությունների անունները, որոնք քաղաքապետարանին անընդհատ ինչ-որ բան են նվիրում։

Մի կողմ թողնենք հարցը, որ ցանկացած նվեր՝ լինի «Կամազ», թե թիթեռ, պիտի անցնի Երեւանի ավագանու նիստով, եթե դա նվեր է։ Բայց քանի որ քաղաքապետը ոչինչ չի հիշում, չգիտենք՝ «Կամազ»-ները նվե՞ր են, թե մեկը բերել, թողել է քաղաքապետարանի պատի տակ ու գնացել:

Մամուլը այսօր գրեց, որ 20 «Կամազ»-ները քաղաքապետարանին նվիրել է պետական միջոցների լուրջ չարաշահման գործով այս պահին բերդում նստած նախկին պաշտոնյա մեղադրյալը։

Հիմա հարց քաղաքապետին՝ եթե դա ճիշտ է, քրեական ենթամշակույթին հարելու համար կարո՞ղ են Ձեր թիմակիցները Ձեր դեմ գործ հարուցել։

Ու մեկ էլ մի թեթեւ հիշեցում. որքան հիշում եմ, իսկ ես հրաշալի հիշողություն ունեմ, այս իշխանության կրեդոն էր՝ այլեւս բազմաչարչար հայ ժողովրդից ոչ մի թաքուն բան չի արվելու։

Որպես պատգամավոր, գրավոր դիմել եմ Երեւանի քաղաքապետին ու հարցս շատ պարզ է՝ ո՞ վ է քաղաքապետարանին նվիրել, կամ քաղաքապետարանի պատի տակ թողել թվով 20 «Կամազ»-ները։

Բնականաբար, իմ այս գրառումից հետո մթնոլորտում կնկատվի զոմբիների մինչեւ 200 դեցիբել կտրուկ ակտիվություն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *