«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որդուս խոշտանգում են». 7 տարի պատիժը կրող Գոռի մայրը չի դիմանում /տեսանյութ/

Ճակատագրական պահին տվյալ վայրում լինելը Գոռ Պոլեյանի համար դարձավ դատավճիռ: 9 տարվա ազատազրկման դատապարտվեց և ձեռք բերեց բազմաթիվ հիվանդություններ: Գոռի դուստրը երազում է, որ հայրը մի օր տուն կգա ու կմնա իր հետ:
Իսկ ամեն բան սկսվեց 2008 թվականի մարտի 4-ին: Ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխվել: Պարզվել է` հրազենային կրակոցից մահացած տղամարդը Արսեն Գալստյանն է
«Թոխմախի բիճ» մականունով:

Գոռ Պոլեյանը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել` սպանության մեղադրանքով:
Գոռը պատիժ է կրել 7 տարի և վաղաժամկետ ազատ արձակվել: 8 ամիս հետո դատարանը որոշել է կրկին կալանավորել Գոռին, չնայած ազատության մեջ նա որևէ խախտում չի արել և հիմնականում գտնվել է հիվանդանոցում:

«Նախկին իշխանավորների թեթև ձեռքով որդիս հայտնվեց կալանավայրում, նա այդ հանցանքը չէր գործել: Մենք անընդհատ բողոքել ենք, սակայն ոչ մի արդյունք: Որդիս տուբերկուլյոզով հիվանդացել է բանտում և թոքի լուրջ վիրահատություն է տարել: Գոռը հիմա տառապում է շաքարային դիաբետով և ինսուլինից կախվածություն ունի»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Պոլեյանի մայրը` Գայանե Պոլեյանը:

Գայանե Պոլեյանը հավաստում է` հատուկ հանձնաժողովը հաստատել է, որ որդու հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն դատարանը նոյեմբերի 29-ին կայացած նիստում մերժել է ազատման միջնորդությունը։

Գայանե Պոլեյանն իր հետ բերել էր նաև որդու հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթերը, էպիկրիզները։ 

Գայանե Պոլեյանը ընդգծում է, որ որդին խոշտանգման է ենթարկվում և խախտվում են մարդու իրավունքները: Նա ընդգծում է, որ կդիմի ծայրահեղ քայլերի.«Ես հացադուլի գնալուց բացի այլ քայլերի եմ ունակ` հանուն որդուս:Ես արդարություն եմ պահանջում»,-ընդգծեց Գայանե Պոլեյանը:

Գոռի հարազատները ծայրահեղ ծանր հոգևիճակում են և պահանջում են, որ վարչապետը ևս խառնվի գործին, քանի որ երիտասարդ մարդու կյանքն է վտանգված:

Լուսին Ղազարյան

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *