«Մահից յոթ րոպե առաջ, կամ ուղղակի՝ ԳՆԴԱՊԵՏԸ…» Վաչագան Մանուկյանի պատմվածքը

Arlur.am-ը հրապարակում է Վաչագան Մանուկյանի պատմվածքը: Բարի ընթերցում…..

Մահից յոթ րոպե առաջ, կամ ուղղակի՝ ԳՆԴԱՊԵՏԸ…

Նրան ոչ ոք չէր նեղացրել…
Մանկության անթիվ հեքիաթային գեղեցիկ գույներից բացի՝ ներսում մեծ ցավ ուներ պահած, որը անխնա հոշոտում էր իրեն, իր իսկ ներկայում․․․
Զորացրվելուց հետո` սիրում էր նայել հրաշք դպրոցականներին, ուսանողներին, մտովի հասնելով հուշերի գեղեցիկ ամրոցը…
Աններդաշնակության ծանրությունը կրելով՝ հյուծվում, ինքնաոչնչանում էր՝ խաղաղության, ներքին կայունության կարոտը սրտում…
Կոսմետիկ փոփոխություններով համակված ժամանակը՝ իրեն բոլոր իմաստներով անտեսում էր, քանի որ մշակույթի, ինքնության, գույության պահպանման բարդ ընթացքում անտեսվեցին սակավաթիվ ճշմարտության ձայները, որոնց երազանքներում՝ ինքնիշխանությունն ու ազգապահպանութան իրական պատկերն էր ամփոփված․․․

– Խաղաղ երկինքն ու մեր ազգային միասնությունը իրար չսիրեցին։ Հզորներից յուրաքանչյուրն իր պայքարով փորձում էր փրկել երկրը՝ մոտեցնելով ազգաբնակչությանը փրկության կայարանին, բայց․․․

– Բայց նորից քաղաքակիրթ հանրությունն ասում է՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ մեր երազանքը Ադրբեջան է և վե՞րջ՝․․․

– Գիտես Աննա, <<դեմոկրատական>> խաղաղության քարոզի ներքո են պայթում մոլորակակործան ռումբերը` իրենց իսկ ուժերով կերտված խաղաղությունը ոտնահարող պատերազմական իրողություններում:

– Հետո՞

– Հետո կրկին հաջորդում են հարգարժան պարոնների խաղաղասեր կոչերը, որից անմիջապես հետո գալիս է բազմաթիվ անմեղ մանուկների անմանկության երթը, սովի մատնված հասարակության փրկություն աղերոսող ձայները, հողին հավասարեցված, քանդված երկիրն իր ինքնության դիմագիծն արտացոլող պատմամշակութային շինություններով, բազմաթիվ կորուստներով…

– ԵՎ․․․

– ԵՎ կրկին ուրան, էլի ոսկին, նավթը, անմեղ մարդկային կյանքերն ու․․․

– Ցավոտ է․․․

– Մայրական խնամքով ապրող մանուկը հիմա անտարբերության ճիրանի լաբիրնթոսում քաղցած վազում է Սիրիայի փողոցներով, քանի որ իր խաղաղ երկիրը դարձրին հրեշների թատերաբեմ:

– ՈՒ երազը մնում էր…

– Կար մի ժամանակ երբ սիրիացին արտասվելու ժամանակ չուներ, քանի որ այդ ծաղկուն երկրում մարդն անելու բան ուներ: Երազանքը մարդուց չէին խլել, երեխաները որբացած չէին և փողոցները նրանց արյամբ ողողվաժ չէր․ ու նորից ԱՐՑԱԽԸ․․․

– Արցախը․․․

– Հա, Արցախը․․․ քաղաքակիրթ հանրության  անտարբերության սառը ժպիտը ճաշակող, արյունաթաթաղ երազներով կերտված մեր Արցախը․․․

– Դժվարին ժամանակներ ենք ապրում:

– Ես կասեի ԱՆՍԵՐ ԺԱԱՆԱԿՆԵՐ: Մոլորակում սիրո պակաս կա։ Մարդիկ անբնական են ժպտում, քաղաքակրթության ոտքերի տակ զոհելով անկեղծությանը՝ դառնում են ստապատկերներ․․․

– Սիրո պակասը զգացվող ժամանակներում ենք․․․

– ՈՒր անձնական շահը փշրում է գեղեցիկ երամը մարդկության․․․

– Կուզեի մեկ օր բոլորս ապրեինք սիրիացի մանուկների պես, որբացած, աներազ երկնակամարում, որ լսելի լիներ խլացած ձայնը մեր խղճի…

– Գիտես, առյուծը առյուծ է, անտառի արքան։ Նրա մռնչոցից զգաստանում են <<օրինազանց>> գազանները։ Բնությունը անխախտորեն դիմապատկերել է արքա կոչվածին, բայց անգամ արքայի ձագի համար վտանգավոր է միայնակ շրջել ինքնիշխան հոր արքայության տարածքում։

– Գնդապետ Գևորգ Մհերյան․․․

– Ի՞նչ

– Կուզեի՝ Գևորգ Մհերյանի նման պետական մտածողությամբ մեկը  գնար խոսեր մեզ դասեր տվող քաղաքակիրթ աշխարհի հետ։ Գնար պատմեր հայի վերքերով լի մարմնի պատմությունը․․․

-Իսկ դու իմ կերպարի նախատիպից հեքիաթներ մի հյուսիր։

– Գնդապետ․․․

– Իրականությունից մի շեղիր մեզ։

– Գիտեք ինչ․․․ առաջին անգամ հերոսին տեսնում եմ, առանց գրքային օրինակների, առանց պատմիչների, պատմաբանների, առանց վավերագրողների օգնության։

– Դու կրկին մեզ կտրում ես․․

– Առանց ներքին խմբագրումների, առանց պաթոսոտ տեքստերի, իմ ժամանակի հերոսին եմ տեսնում․․․

– Աննա․․․

– Գևորգ Մհերյան, դուք խոստացել էիք, որ կպատմեք նրա․․․

– Տարբեր անգամներ եմ լսել, երբ ինքնավստահությունը կորցրած մարդիկ, վերակառուցման, վերականգնման ճանապարհին ասում են՝ <<ԿՍԻՐԵՄ ԵՎ ԿՄՈՌԱՆԱՄ ՆՐԱՆ>>:
Առաջին հայացքից հուսադրող է միտքը, որ այո՛, կգա մեկը և կրկին կգունապատի խամրած աշխարհդ՝ ջնջելով ՆՐԱ անմար ստվերը:
Էս գեղեցիկ ինքնախաբեությամբ ժամանակին զբաղվել եմ, փորձելով գոնե ինքս ինձ համոզել, որ ՆԱ իրականում իմը չէր։ Մեղավորներ փնտրելով՝ ճանապարհին փորձել եմ արդարացնել ոչ ու փուչ, իմաստազրկված քայլերս…
Երբ հասկացա, որ կյանքում պատահականություններ չեն լինում և որ ոչնչով չես ջնջի քո ապրած սերը, (անգամ նման իրավիճակներում) սկսեցի մտածել բաժանումներս ավելի գեղեցիկ դարձնելու, առանց հրաժեշտներ կազմակերպելու մասին…

– Այսինքն՝ ներկայի ամենամտերիմ բարեկամը, հարազատը այսօր ձեր հիշողությունն է, որ փոխկապակցված, կամրջված ստեղծում է կապը նրկայի հետ ընթացքը դարձնելով․..

– Աննա․․․

– Դուք կրկին չեք խոսում նրա մասին․․․

– Խոսում եմ աղոթքներում ․․․

– ՈՒ՞մ եք աղոթում։

– Բազմաթիվ անգամներ ինձ պատմել են Աստծո Քրիստոսից…
Նրա մասին սկսել եմ շատ խորհել։ Իմ ողջ չարությամբ հանդերձ՝ կերպարը սիրեցի: Սիրեցի սատանայական գայթակղիչ անապատներում, պղծություն գործելիս, տաճարներից շատ հեռու, մեղքի ծանրությունը ուսերիս առած՝ սիրեցի նրան…

– Իսկ․․․

– Ասում էր՝ Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում…

 Հերթապահությանս օրերին՝ մեղեդացված հնչյուններով լսվում էր նրա ամենօրյա գիշերային աղոթք դարձած շարականը․<<Ամեն հայի սրտից բխած, լսիր այս ձայն, ով Աստված․ երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ քո իսկ հիմնած Մայր Աթոռ․․․>>։
Իմ ժամանակի հերոսի աչքերում հրաժետի պատկերն էր դրոշմված:   Մաքրելով մեղքերն ու հարթելով ճանապարհը այս խենթ տիեզերքի հեղինակի հետ, նա օտարվում էր ներկային։
Զուլալվող աչքերի ինքնահոս արցունքներում՝  աներազ ներկայից դեպի երկինք գնացող ճանապարհն էր․․․
 Աստծո ճանապարհը փնտրող, վիրավոր վերքերով այս տղամարդ ազատամարտիկի սիրտը թաթախված էր մշուշապատ թախծում, ուր անթիվ հարցականներ կային․․․

– Քրսիտոսի կերպա՞րը հա․․․

– Յուրահատուկ Քրիստոնյա չկարծես։ Օրս էլ քարոզներով չեմ սկսում, բայց նրան… փորձիր մտածել։ Մեզ ներկայացվող պատմության ամենագեղեցիկ արարումն է…  որդին գալիս է մարդացած, գալիս է միայնակ, առանց երկնային բանակների ուղեկցությամբ, գալիս է որպես մարդկության ու տիեզերապետի հաշտության հարատև կամուրջ, գալիս է հոր կողմից նույն այդ մարդկությանը մատուցվող խաղաղության, մեծ սիրո, նվիրումի, հաշտության ողջակեզ…

– Գնդապետ, աստվածները նույնպես վերանայում են իրենց երբեմնի մոտեցումները, չէ՞․․․

– Իհարկե:Մարդակործան ջրհեղեղներով երբեք հարցեր չեն լուծվում։ Այդպես չի կառուցվի, չի ստեղծվի համերաշխության մթնոլորտ և հայրը սեր չի դառնա իր զավակի սրտում։

– Հիմնավոր էր․․․

– Որքան ուզենք, որքան ցանկանանք խաչվող Քրիստոսի օրինակի մեջ գեղեցկություն կգտնենք:
Փորձիր տարածվել այս անծայրածիրության մեջ. << ՀԱՅՐ, ներիր այս մարդկանց, քանզի չեն հասկանում թե ինչ են անում…>>

– Իմ նման անհավատին պետք էր այս զրույցը,

– Աննա․․․

– Երբեք ոչ մի գրքից, քարոզներից այսքան մոտ չեմ զգացել Քրիստոսի ներկայությունը, աստվածային, տիեզերական էներգիաները, որոնց անհունում տարուբերվում ու խաղաղվում ես․․․
Իսկապես.  ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՈՒԺԻ, ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐՈՒԹՅԱՆ օրինակ դարձավ ձեր Քրիստոսը․․․

Գնդապետի քունը կորցրած աչքերն ինձ հուշում էին իր հոգնածության մասին։ Որոշեցի թողնել նրան հանգստանալ․․․
Գիշերը մոտենում է, իսկ եղանակի մեջ մեծ տխրություն կար։ Չէի հասկանում, թե այս ցիկլոնաթափանց եղանակի ձմեռն հիշեցնող անհասկանալի սառնությունն էր իրական, թե ես էի հորինում, նկարում այն իմ մեջ ու անխնա տարածում փողոցներում․․․
Գնդապետը․․․
Արցախյան գոյամարտից տարիներ անց կորցրեց հղի կնոջը։ Հետո ինքն իր մեջ փակված՝ գիտակցված ոչնչացնում էր իրեն։ Բժիշկները գիտեին, որ բուժման մասին առհասարակ չէր մտածում․․․
Երբեմն սկսել եմ ինձ հարցնել․ մարդը, ո՞վ է այդ մարդը, գրողը տանի, ո՞վ նա։ Գիտնականների, փիլիսոփաների մեկնություններով, վերլուծություններով հանդերձ, կրկին չի ամբողջանում ինքն իր համապատկերում։ Անշոշափելի մթության պես առեղծվածային և լույսի նման պայծառ է նա․․․
Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Մի՞ թե գնդապետը ապաշխարհության ճանապարհն է։ Կրոնական թույլ զգացմունքներս, երերուն հավատաս երբեք թույլ չեն տվել մտածելու Աստծո Քրիստոսի մասին, բայց հիմա․ մարդը որքան մերժի Աստվածաշնչյան  օրինակներ, մեկ է, չի կարող հերքել գնդապետի նշած կերպարի յուրահատուկ, ինքնատիպ օրինակի գեղեցկությունը…
Սկսել եմ մտածել նաև աշխարհի մեծ խաղացողների իրականությունը ամեն կերպ շրջանցող <<քաղաքակիրթ>> անտարբերության մասին։ Մի՞ թե մենք այդ պատճառով պիտի զոհվենք, կորցնենք, կամ մշտապես կռվով պահպանել փորձենք հայրենիքը․․․․
Մի՞ թե սա չգրված գեղեցիկ օրենքների ԿՈՐԾԱՆՄԱՆ ուղին է մարդկության:
Որտե՞ղ են թաքցրել մշակույթը, ազգային դիմագիծը պահպանող մշակույթը։ Չգիտեմ… մշակույթի ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքները բացհայատ են։ Իսկ, ու՞ր կհասցնեն մարդկանց անաստվածային արկածները մեր երամին։ Մի բան ակնհայտ է․ ինքնության արմատը կորցրած մարդը ունի ամենից շատ օգնության կարիք: Քոնը քեզնից խլելու, օտար մշակույթների անհարկի տեղայնացման փորձերը, բնաության չգրված օրենքներն անտեսելը ու արհեստականորեն բնական ռեսուրսների ոչնչացման փորձերը կարող է բոլորիս համար լինել կործանարար․․․
Գնդապետը․․․
Արցախյան գոյապայքարի առյուծն այսօր վիրավոր է։ Անհասկանալի, բազմաթիվ հարցեր առաջացնող դիվային խաղից ծնված քառոօրյա մի պատերազմ, որտեղ առյուծը մռնչաց, կռվեց կրկին այրելով իրար ետևից կյանքի կամուրջները բոլոր, բայց այս անգամ՝ իր որդիների սերնդի բանակներն առաջնորդելով։
Ահա, Թալիշում՝ պաշտպանությունն իրականացնելիս թշնամին հրետակոծում էր տարածքը, փորձելով ճեղքել մեր պաշտպանությունն ու առաջ անցնել: Գնդապետին վստահված էր ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր մի ճանապարհ, որտեղ նա կատարեց իրական հրաշք՝ գերազանցելով ինքնիրեն։ Գնդապետը ոչ միայն պահպանում է ճանապարհը, այլև իր ենթակա զինվորների մարտական ոգին չգցելու համար՝ վիրավոր, արնաքամ մարմինը թաքցնում բոլորից․․․
Զանգ․․․ ո՞վ է տեսնես այս ժամին․․ գնդապե՞տը․․․ ԳՆԴԱՊԵՏԸ․․․

– Աննա
– Սաթիկ, ասա ինձ, խնդրում եմ, գնդապետը․․
– եթե կարող ես արի հիվանդանոց, նրա ցավերը ահավոր են․․․

Տագնապած մտքերս հասցրին հիվանդանոց։ Սաթիկը ասաց՝ երգում էր մի երգ, որը ըստ նրա՝ ամեն անգամ երգում է գիշերային ցավերի ժամանակ։ Երբ հարցրի թե այդ ի՞նչ երգ է, Սաթիկը դժվարությամբ հիշելով բառերը պատասխանեց․<<Ամեն հայի սրտից բխած, լսիր այս ձայն, ով Աստված․․․>>։ Արդեն հասկացա․․․ կրկին <<Հայրապետական մաղթերգ>>։ Ինչու՞ միշտ հենց այդ երգը․․․
Գնդապետը ցավազրկողներից հետո քնել էր, իսկ ես՝ Սաթիկին խնդրեցի ժամանակ տրամադրել և պատասխանել հարցերիս․․․

– Աննա, գնդապետը մոտենում է մահվան, նա հիմա․․

– Լռի՛ր․ միթե չես հասկանում, որ այս տեսակը փրկելով, փրկում ենք մի ամբողջ ազգի ինքնություն, միթե չես հասկանում, որ նրան կորցնելը․․․

– Սիրահարվել ես․․․

– Սե՞ր․․․ միշտ կարծել եմ, որ հզորությունը, միջիս ուժը պայմանավորված է եղել բարձրագույն կրթությամբ։ Երկրի մասին երբեք չեմ մտածել, քանի որ բազմաթիվ գիտակա հոդվածների, մասնագիտությանս մեջ խորասուզված լինելով՝ ապարդյուն փորձերով ցանկացել եմ նվաճել գիտության անասելի գագաթը, բայց ահա գալիս է մի վիրավոր գնդապետ և խոսում իմ կողմից բազմաթիվ անգամներ ծաղրի արժանացած Քրիստոսից։ Գալիս է մի գնդապետ և փշրում մեծամտությունս իր խաչվող հերոսի օրինակով․․․

– Աննա

– Ասում էր <<Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում…>>։

– Հասկանում եմ քեզ, բայց․․․

– Սաթիկ, երկիրը վիրավոր է, իսկ ես․․․

– Բայց

– Երկրը արնաքամ է լինում, իսկ ես՝ երազում առանց այն էլ գեղեցիկ ապագաս առավել գեղեցկացնելու մասին․․․

– Քեզ գրկեմ, հա, հրաշք Աննա․․․

– Առյուծը, ազնվական հզոր այս առյուծը խոցվեց գլոբալիզացիայի, խառնիխուռն ժամանակներում ստեղցծված դաժան փամփուշտով: Նա գիտեր դրա մասին ու գիտակցված գնաց գոյության կռվին։ Որքան շատ բան հասկացա, Սաթիկ․․․

– Բայց ոչ գրքերից, չէ․․․

– Բայց ոչ գրքերից․․․ Սաթիկ, խնդրում եմ ասես, թե այդ որտեղի՞ց գիտես, որ նա երգում է հենց ցավերի ժամանակ․․․

– Մի օր տարօրինակ ձայներ լսվեցին իր սենյակից։ Ասում էր՝ քնիր վերք իմ, թող հոգիս խաղաղվի և անդադար երգում այն երգը, որ քեզ ասացի։

– Նա ամեն գիշեր այդ երգը երգում էր նաև իմ հերթապահության օրերին, բայց երբեք չեմ կարծել, որ ցավի ժամանակ․․․

– Ասպետը ասպետ է։ Ցավը ներսում պահած գնդապետը․․․

– Ցավի ժամանակ երգում էր, իսկ ես․․․

– Աննա․․․

– Նա երգում է ցավի ժամանակ․․․

Գնդապետը․․․ գիշերային դաժան ցավերի ժամանակ ամեն օր <<Հայրապետական մաղթերգ>> երգող գնդապետ Գևորգ Մհերյանը։ Ինքնիշխան պետության հավատը սրտում ամուր պահած գնդապետը: Աշխարհում եղած <<հիմնավոր>> ու չհիմնավորված անարդարություններին, որպես հակակշիռ՝ կյանքն ի փրկություն ազգին մատաղ անող գնդապետը… հայոց ինքնիշխան լեռների արծիվն այսօր գոյության կռիվ է տալիս, ընկած է, էլ չի ճախրում, երկնքում չէ, վիրավոր է․․․

– Աննա, ինձ լսու՞մ ես․․․

– Ներիր․․․

– Նա արթնացավ, եթե ուզում ես կարող ես խոսել։

– Հա, այո, իհարկե․

Մոտենալով իր սենյակի դռանը՝ կրկին լսեցի <<Հայրապետական մաղթերգի>> գեղեցիկ հնչյունները․․․

– Սոնա․․․

– Ի՞նչ

– Ոչինչ

– Դուք Սոնա ասացիք․․․

– Այսօր քո հերթապահության օրը չէ, բայց դու այստեղ ես․․․

– Այստեղ եմ, որովհետև Ձեզ տեսնելու մեծ ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս, գնդապետ․․․

– Խոստանում եմ, Սոնա, մենք հզոր երկիր կունենանք․․․

– Գնդապետ, ես Աննան եմ, ինձ չե՞ք հիշում։

Գնդապետը ջերմում էր։ Սաթիկի հետ միասին փորձեցինք ամեն կերպ հնարավորինս իջեցնել նրա ջերմությունը։ Նա գրեթե միշտ կրկնում էր <<Սոնա, մենք հզոր երկիր ենք ունենալու, իսկ դու՝ այդ հզոր երկրի սուրբ տաճարի աստվածային երգչախմբում կերգես պայծառ շարականները։ Քեզ ոչ մի փամփուշտ այլևս չի դիպչի․․․>>

– Սաթիկ, մի՞ թե Սոնան նրա մահացած․․․

– Այո, Սոնան նրա կինն էր։

Մարդու մեջ կարոտի կուտակումներն նկատվում են այն ժամանակ երբ նա շարունակ փնտրում, կամ կանչում է, ինչ-որ  մեկին, կամ երազում է: Երբեմն այդ կարոտը շփոթում ենք թախիծի հետ: Գույները գուցե նման են իրար, բայց նույնը չեն: Ինչպես գրիչն ու վրձինը…
Հիշողությունները իշխում են ներկան: Միայն ներկայում կարող ենք ճաշակել, զգալ հուշերի պտղի գեղեցիկ համը, քանի որ սերմը երեկ դեռ պտուղ չէր դարձել մեր գիտակցության մեջ…
Աղունի կերպարը կերտող մայրը եթե չլիներ` Հրանտի արձակի շնչառությունը գուցե այսքան բավարար ուժ չունենար դիմակայելու վաղվա իրարամերժ մարտահրավերներին, պահանջմունքներին․․․
Օրինակ՝ ինչու՞ Մարկեսը հոգնեց իրավագիտությունից ու գնաց դեպի լրագրություն: Իմ և Ձեզ համա՞ր… հաստատ, միանշանակ ոչ: Նա գնաց իր ներքին խաղաղությունը գտնելու: Հիմա այս գնդապետը, մեր աչքի առաջ փորձում է փրկել արնաքամ մարմնի մեջ տանջվող հոգին…
Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում հենց այնպես․․․.

– Աննա․․․

– ԳՆԴԱՊԵՏ, խնդրում եմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար․․․

– Երբեք ուժ չեմ ունեցել ինքնասպանություն գործելու, կամ․․․

– Խնդրում եմ, նման բաներ մի․․

– Լսիր։ 2007 թղավականին, երբ դեռ ծառայում էի զինված ուժերում՝ Սոնան զանգ տվեց և խնդրեց գալ ինձ մոտ։ Սահմանները շատ լարված էին, իսկ դիվերսիոն գործողություններն՝ անպակաս սահմանից։
Աննա լսում ես։

– Իհարկե

– Աննա, նա շատ խնդրեց․․․ ես բերեցի նրան դիրքեր։ 1994 թվականին երբ դեռ Սոնան չկար՝ երիտասարդ մարմինս… կյանքն իսկապես մեծահոգաբար ժպտաց ինձ, թողնելով վերքերս սպիանալ, որի մասին Սոնան նույնպես գիտեր։

– Դուք․․․

– Այդ օրը մենք հրաշալի անցկացրինք սահմանում։ Նա ամուր գրկեց, հետո խնդրեց, որ երբեք իրեն չթողնեմ մենակ ու մեղմ շշնջոցով՝ տաքացնում էր իր սիրալեցուն խոսքերով։

– Գնդապետ․․․․

– Այդ օրը մի ուրիշ ձև էի երազում խաղաղ երկնքի մասին։

– Էնպես յուրահատուկ եմ զգում Ձեր Սոնայի ներկայությունն այեստեղ ասես․․․

– Գիշերը՝ կարծելով թե նա ապահով է, շարունակեցի սահմանային ծառայությունս։ Լեռնային ճեղքվածքների պատճառով՝ հակառակորդը կարողացավ աննկատ անցնել սահմանը և մոտենալ հանգստի սենյակին, որտեղ իմ Սոնան էր…
ՈՒ այդ գիշեր․․․

-Գնդապետ․․․

-Այդ գիշեային զանգը ոչնչացրեց բոլոր երազաներս․․․
Դիքերից արագ վերադարձա։ Նա արնաքամ լինելով հանդերձ՝ ժպտում էր…
Ամուր գրկեցի Սոնային, իսկ նա՝ իր վերջին շնչով երգեց իմ գրկում <<Հայրապետական մաղթերգը․․․>>։

Արդեն պարզ դարձավ գիշերային ցավերի ժամանակ ամեն անգամ <<Հայրապետական մաղթերգ>> երգելու նրա առեղծվածը: Գնդապետի կարծրացած արցունքներն ու ինձ չնկատող հայացքը…

– Խոնարհումս, ԳՆԴԱՊԵՏ… Սոնան ճախրում է Ձեր աշխարհում, որպես չքնաղ մի աղավնի: Այ հիմա վստահ եմ, որ ամեն թվացյալ ավարտ, ուն իր նոր սկիզբը….

– Աննա…

– Դուք Սոնային կմիանաք ձեր հերոսի հավիտենական երամում…. Աստծուն մատուցվող երկնային պատարագների ժամանակ Ձեր Սոնան կլինի ՆՐԱ երգչախմբում, իսկ Դուք…

– Բժշկուհի…


– Իսկ դուք կլինեք ՆՐԱ երկնային բանակի ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ԳՆԴԱՊԵՏԸ և կապահովեք տիեզերքի խաղաղ ընթացքը: Վստահ եմ՝ բոլոր անհայտ ու հայտնի ուժերը կզգաստանան արաչի անպարտ բանակի ներկայությամբ, Գնդապետ…

– Աննա, ուսումնասիրեք մեր էպոսը կրկին: Այնտեղ ամբողջությամբ արտացոլվում է մեր անխոստում ներկայից ծնված հետևանքները…

– Այսի՞նքն

– Մենք էպոսի նկատմամբ ուղղակի սիրողական մոտեցում ենք ցուցաբերել միշտ: Հիշեք մի բան. էպոսի մեջ ազգի ողջ ծածկակիրն է դրված: Մսրա Մելիքն ու Դավիթը Մեծ Մհերի սերմի ծնունդ էին: Մելիքը օրենքով եկավ որպես իր հոր ավագ որդի հողերին տեր լինելու…

– Իսկ…

– Լսիր…ես նրան որպես ազգիս առաջնորդ տեսնելու ցանկությամբ չեմ ապրել երբեք, բայց սխալը այլ տեղում է…
Ընդունեք թե ոչ, բայց միշտ ավագ որդունն է մնում հոր գահը ու Մհերի անդրանիկը` Մելիքն էր…
Սրանով ի՞նչ ենք հասկանում… հասկանում ենք, որ Մելիքները ծնվում են մեր ԳԻՏԱԿՑՎԱԾ, կամ գուցե ՉԳԻՏԱԿՑՎԱԽ սխալներից, որոնք հետագայում մեծ խոչընդոտներ են հանդիսանում, երկրի զորացման, ազգային անվտանգության համար…

– Գնդապետմ վստահ եմ…

– ԵՎ հետո, ի՞նչ եղավ հետո….
Դավիթին խոցեց թունավոր նետով իր իսկ դուստրը: Ինչու՞ խոցեց…
Որովհետև Դավիթը հոր նման թողնելով հրաշք հայրենիքըը` գնաց և իր սերմը դրեց օտարության մեջ, որի պտուղը այլևս իրենը չէր…

– Սերմը, մեր ազգային սերմը….


– ժամանակակից թվացող երևույթներով հիացող, երազատենչ երիտասարդություն․․․ պատմության անփառունակ էջերը կերտող, օտար քամիների <<կենսական>> թույնը՝ ազգային երկաում է ներարկվում․..

– Բոլոր ժամանակներում մարդիկ գործել են սխալներ, բազմաթիվ հարցերում թերացել, բայց հիմա, այսօր, Ձեր միջոցով հասկացա՝ մեզ ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել, քանի որ այդ ազգային երակում ձեր տեսակի արյունը կա…

– Սոնա

– Գնդապետ..․

– Ամեն հայի սրտից բխած,

– Գնդապետ, դուք ինձ լսու՞մ եք

– Լսիր այս ձայն, ով Աստված․

– Սաթիկ, Սաթիկ..․

– Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր…

– Աննա, ի՞նչ է պատահել…

– Ցավազրկող տուր, շուտ…

– Տեր, անսասան պահիր դու միշտ քո իսկ հիմնած Մայր Աթոռ․․․

– Սրանք թույլ են, հիմա բան չի օգնի նրան…

– Մնա նրա մոտ, խնդրում եմ։ Գնամ հարևան դեղատնից ցավազրկողներ բերեմ:

– Աննա, բայց նա մեզ չի լսում, ախր հոգին է ավանդում հիմա…

– Լռիր, լռիր… մենք ամեն գնով պիտի լուսացնենք: Վաղը գլխավոր բժիշկը գալու է և նորից սկսենք վիրահատությունը…

– Սոնա…

– Սաթիկ, մնա նրա մոտ…

Նայելով ժամին՝ արագ քայլերս ուղղի դեպի դեղատուն: Ամեն կերպ պետք է օրը լուսացնել: Գնդապետի մարմնի գույնը արագորեն փոխվեց ու աչքերը դաձան կիսափակ, ամենուր իր Սոնային փնտրող այդ աչքերը հիմա….
Դեղատնից վերցրի անհրաժեշտ ամեն բան և նույն արագությամբ վերադարձա հիվանդանոց:
Պալատ հասնելուն պես՝ հանդիպեցի Սաթիկի արցունքապատ աչքերին: Գրկելով ինձ ասաց՝ արդեն երկնքում է, իր Սոնայի կողքին…
Գնդապետի սենյակ մտնելիս ՝ նկատեցի բոլորին վաղուց ներած, խաղաղված դեմքի բարի ժպիտը…իր Սոնայի նման արնաքամ եղած ժպտում էր…

– Գրողը տանի, որքան գեղեցիկ է երկինքը…

– Աննա քո գնալուց մեկ րոպե էլ չանցած նա ավանդեց հոգին, իսկ վերջին խոսքը՝ ինքդ լսեցիր…

– Յոթ րոպե ուշացա….

– Իսկ ես հպարտացա քեզնով, իմ հրաշք աղջիկ…

– Գնդապետը… ինքնիշխան, հզոր բազմերանգ պայծառ գույներով՝ անպարտ գնդապետը։ Ե՞րբ ես գալու: Ե՞րբ պիտի ծնվես ու նորից առաջնորդես որդիներիդ անվախ բանակը դեպի հաղթանակներ…

– Վերցրու կարդա սա: Իմ նախորդ հերթապահության ժամանակ էր գրել…

Բարձրաձայն, առանբց լռելու, սկսեցի կարդալ.

<< Փորք ներել ինձ…
Միշտ երազել եմ մարդկությանը փրկելով մոտենալ կյանքիս մայրամուտին: Սա երևի իմ առաքելությունը չէր, ես Քրիստոսը չէի ու հենց դրա համար անիրագործ մնացին իմ շատ երազներ… հիմա, բանաստեղծությամբ սպանում եմ ներսումս գրված, բայց թղթին չհանձնված անմեղ մի պատմվածք…
Ես գիտակցաբար դնում եմ չծնված արձակը զոհասեղանին, քանի որ բանաստեղծությամբ գոնե կարողանում եմ նրանից մի մասունք պահել…
Բայց կրկին անգամ՝ Ներիր ինձ ՀԱՅՐԵՆԻՔ, նվաստիս անփառունակ ընթացքի համար։ Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա, որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք…
Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկել ձեզ վաղվա կյանքերը: ԵՎ ներիր ինձ, իմ ԱԶԳ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար…

/ ԱՐՁԱԿԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ /

Նկարիր,
մեղմ վրձնահարվածներով քո
պատկերիր ինձ, Տեր
կիսաժպիտ հայացքիդ ներքո՝
լղոզիր կտավին ինձ․․․
Զգա լռությունը ներսիս,
հայացքիս դատարկ,
անբովանդակ սառնությունը շնչիր,
ու
անտարբեր շնչառությունս
փորձիր վերապրել
քո աստղազարդ երկնակամարում։
Չգրված խոսքերս
սղագրիր պատկերում իմ,
իսկ ապրածս սիրո ակնթարթները՝
հավերժության գույներով նկարիր․․․
Դատարկիր ներսիս ողբալի մենությունը այս,
և մի անգույն բանով ծածկիր մարմինս,
հետո
անխնա տարածիր կտավում
անտառների տերևաշարժ քամին,
որ չխղդվեմ ունայն իմ պատկերում․․․
ԵՎ
երբ արդեն
խաղաղ մահվանս հասնես՝
խառնիր
անձրևն ու
աստղերը,
կյանքիս անհեռատես փոթորկները,
գիշերները,
արևը,
լուսինը,
առավոտն
ու
իմ բաժին աղոթքները,
իսկ այգուս պտուղները՝
բաժանիր
սովի մատնված մանուկներին,
որ հրաժեշտները
տխուր չթվան․․․
Իսկ
ամենավերջում՝
հենց
մի փոքրիկ անկյունում,
հույսի մի դռնակ
նկարիր,
որպես
մխիթարանք
իմ երազախաբության…>>

– Նա երազ էր,-ասաց Սաթիկը

– Մեր դեմքն ու դիմագիծն էր…

Գնդապետը…իր երազներում Սոնային ամուր գրկած գնդապետը…

– Աննա…

– Ոչինչ չի կարող հենց այսպես ավարտվել, Սաթիկ: Նա պիտի ծնվի… թող իր հարազատ երկնքում ամրանա, զորացնի վիրավոր մարմնում տառապած անմեղ հոգին, բայց վերադառնա․․․

– Իսկ ես այսօր հպարտացա քեզնով…

– Միշտ տարված եմ եղել Բրեդ Փիթով, որովհետև հայ տղամարդու կերպարը միշտ պատկերացրել եմ բազմաթիվ չհիմնավորված կարծրատիպերով։ Երբեք չեմ կարողացել ընկալել նրանց ճիշտ:

– Գիտեմ…

– Բայց եկավ մի գնդապետ և իր անկախական մռնչոցով փոշիացրեց հոլիվուդյան մի ողջ աստղաբույլ…

– Աննա, իմ պյածառ գեղեցկուհի, գնդապետի անունը կգրվի հայոց պատմության փառավոր էջերում: Նրա անվամբ փողոցներ կանվանակոչվեն, դպրոցներ կկառուցվեն, լսարաններ կբացվեն ու դու…

– Կվերադառնա չէ…

– Կվերադառնա…

– Չարենց է կարդում…

– Ինչ՞

– Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին։-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն…

– Աննա…

– Չարենցյան այս տողերը…

– Դու

– Այս տողերը բարձր հնչում են հիմա իմ ներսում, իր ձայնով…

– Նա գալու է…

– Գեղեցիկ են չէ աստղերը…

– Գեղեցիկ են…

– Կվերադառնա չէ՞ նորից…

– Կվերադառնա…

– Իր Սոնայի հետ…

– Հա, իր Սոնայի հետ….

Վաչագան Մանուկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *