« Այդ ամոթալի նախագիծը չփորձեք դարձնել օրենք, եթե բյուջե եք ուզում լցնել, ապա ՀՀ-ից թալանած միլիարդները ետ բերեք…». Ժարիտ Գրիշը` Հայկ Սարգսյանին

Քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս: Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին նման օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ է դրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Պատգամավորի առաջարկը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

 Arlur.am-ի հետ զրույցում Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը ուղիղ ձևով վիրավորում է անապահով և հայրենասեր խավին ֆինանսապես ապահովածներին տալով ծառայությունից ազատվելու հնարավորություն:

«Ցավում և դատապարտում եմ : Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը դատապարտում Է Հայկ Սարգսյանի կողմից ժողովրդին հրամցված օրենսդրական նախաձեռնությունը, որը մեր գնահատմամբ ոչ այլ ինչ է, քան հակահայ քաղաքականություն, որը խթանելու է արտագաղթը, խոչընդոտելու է հայրենադարձությանը  և բանակը պառակտող խորհուրդ է կրում իր մեջ: Երկիրը բաժանե՞լ հարուստին ամեն ինչ, իսկ աղքատին` ոչինչ: Սա է ենթադրում նախագիծը»,-նշեց Գրիշա Սարգսյանը:

 Գրիշա Սարգսյանի խոսքով`գործող օրենքով նախատեսված էր 1,8.միլիոն, որը հետագայում դարձավ 3,5 միլիոն, իսկ այսօր 10 միլիոն. « Այդ ամոթալի նախագիծը չփորձեք դարձնել օրենք, եթե բյուջե եք ուզում լցնել, ապա ՀՀ-ից թալանած միլիարդները ետ բերեք և փոխարենը աստիճանաբար անցնենք պրոֆեսիոնալ բանակի` բարձր աշխատավարձով,  իսկ  Հայկ Սարգսյանի կողմից առաջարկվող  10. միլիոն դրամով  թող բնակարան և ապրուստի միջոց ձեռք բերեն անապահով, բայց հայրենապաշտ մարդկանց համար»,-հավելեց Գրիշա Սարգսյանը:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *