Ինչո՞ւ է պետությունը ուղղված դատապարտյալին պահում բանտում. ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հարազատները չեն կորցնում հավատը /ֆոտո/

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` դեկտեմբերի 2-ին մեկնարկեց արդեն 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մնացական Հարությունյանը մեկնարկեց դատական նիստը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դիմելով դատարանին հայտնել է, թե չի ներկայանա դատաքննությանը: Աշոտ Մանուկյանը դատարանին ուղղված դիմումի մեջ ընդգծել է, որ ինքը գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում և շարունակում է պատիժը կրել կիսաբաց ռեժիմում (արդեն 1 ամիս): Դատապարտյալը դատարան բերելուց առաջ պետք է երեք օր գտնվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` մեկուսարանում: Դատարանը, եթե մերժի կրկին անգամ երեք օր պետք է մեկուսարանում անցկացնի: Առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալը նախընտրել է սպասել դատարանի վճռին` ՔԿՀ-ում:
Աշոտ Մանուկյանի շահերի պաշտպաններ` Նարեկ Ալոյանը և Միհրան Պողոսյանը ներկայացրեցին հիմքերը, որոնք առկա են Աշոտ Մանուկյանի գործում և ենթադրում են, որ ցմահ դատապարտյալը ուղղվել է, զղջացել, ներում է ստացել սպանված զինծառայողների ծնողներից և ազատության մեջ գտնվելու ժամանակ նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Փաստաբանները ներկայացնելով Աշոտ Մանուկյանին ընդգծեցին, որ վերջինս ազատազրկման 20 տարին լրանալուց հետո դիմել է բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Այժմ ուսանող է և հրապարակել է երկու գիրք:

Աշոտ Մանուկյանի ծնողները ակնհայտ հուզված էին: Նրանք չեն հասկանում, թե ինչո՞ւ է Աշոտը շարունակում կրել պատիժը, երբ պատրաստ է կյանքի մնացած մասը աշխատանքով և  հոգեպես լինել սպանված զինվորների ծնողների կողքին:
Նշենք, որ Աշոտ Մանուկյանը և նրա շահերի պաշտպանները ցանկանում են անգամ մերժման դեպքում ունենալ հիմնավոր վճիռ: Ինչո՞ւ է պետությունը ուղղված դատապարտյալին պահում բանտում: Աշոտ Մանուկյանի ծնողները Arlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ դատավորը հավատ է ներշնչել և իրենք վայրկյաններն են հաշվելու, որ Աշոտը տուն գա:

Դատական նիստը հետաձգվեց: Դատավորը ցանկանում է վճիռը կայացնելուց առաջ նայել 19 տարեկան հասակում հանցագործ դարձած և հաջորդ 24 տարիներին դրական վարքագիծ ցուցաբերած Աշոտի աչքերին:

Հաջորդ դատական նիստը կկայանա` դեկտեմբերի 19-ին, ժամը` 16:30-ին:

Նշենք, որ Աշոտ Մանուկյանը պատիժը կրում է 1996 թվականից և այս տարիներին դրսևորվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Նա գերազանցությամբ ավարտել է «Ուրարտու» համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի երկրորդ կուրսն ու փոխադրվել երրորդ կուրս: 
Նա դատապարտվել է 19 տարեկան հասակում` երեք զինվորների սպանության համար: Զղջացել է կատարած հանցանքի համար և արժանացել սպանված զինվորների ծնողների ներմանը:

Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ
Պրոբացիայի ծառայության ներկայացրած զեկույցում նշվում է, որ ազատության մեջ Մանուկյանի նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Նշենք, որ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ զատելու մասին հայցը:

Աշոտ Մանուկյանը երկու գրքի հեղինակ է: Առաջին գիրք  «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» ուղղված է զինվորներին:Վերջերս լույս տեսած «Կամքը հայի» գիրքը նվիրված Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի զոհերին:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *