«Մանվելին քիչ պահեն բանտում, թե շատ , բանտում մեռնի, թե տանը` հարց չի լուծում». Վահան Բադասյան

«Պատիժները պետք է լինեին համապատասխան, համարժեք, բայց չեղան համարժեք պատիժներ: Մասնավորապես Ռոբերտ  Քոչարյանի մասով, նրան միայն մարտի 1-ի մեջ մեղադրելը սխալ էր: Ես կարծում եմ, որ պետք է նախ քաղաքական գնահատական տրվեր Քոչարյանի գործունեությանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը, Սերժ Սարգսյանի գործունեությանը, որից հետո պետք է քաղաքական որոշում կայացվեր»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Վահան Բադասյանի խոսքով` այս դեպքում իրավապահ մարմինները որպես հանձնարարություն պետք է հետևություն անեին և որպես քաղաքական գնահատականի հետևանք պետք է յուրաքանչյուրի պատիժը սահմանեին.«Օրինակ`կարևոր հարցերով ո՞վ թալանեց երկիրը, ո՞վ քանդեց գործարանները, ո՞վ պետական գործարքները  հանձնեց օտարին,ո՞վ իրավիճակ ստեղծեց, որի արդյունքում մադրիդյան սկզբունքները ծնվեցին,այսինքն`Արցախի կապիտուլյացիան:Ովքե՞ր հանձնեցին Գազպրոմը կամ ովքե՞ր էին կանգնած բաշխիչ ցանցերի հանձնման հետևում: Հեղափոխության շունչը դա էր պահանջում:Նիկոլ Փաշինյանը դա էր խոստացել:Սակայն հետո խոսվեց մարտի 1-ի, ինչ-որ տուշոնկաների մասին: Սրանք փոքր հարցեր են` քիչ այս կողմ, քիչ այն կողմ, որոնք արդարություն չեն բերում: Մանվելին քիչ պահեն բանտում, թե շատ , բանտում մեռնի, թե տանը` հարց չի լուծում: Քոչարյանը կմնա բանտում, թե չի մնա`նույնն է:

Հարցին, թե ինչո՞ւ «Սասնա Ծռեր»-ի անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պարագայում խափանման միջոցը չի փոխվում, Վահան Բադասյանը արձագանքեց.«Մենք անընդհատ խոսում ենք հեղափոխությունից, իսկ հեղափոխության համար լուրջ դերակատարում են ունեցել նաև «Սասնա Ծռերը»: Նրանք պայքարել են ռեժիմի դեմ, չնայած նրանց գործողություններին տրվող գնահատականները տարբեր են: Ոմանց համար դա սխալ քայլ է եղել, իսկ ոմանց համար հերոսություն:Իմ տեսանկյունից այդ տղաները անձնազոհ կերպով պայքարել են ռեժիմի դեմ: Դա մեծ էներգիա հաղորդեց ժողովրդին և հաջորդ տարի եղավ հեղափոխությունը: Ում դեմ պայքարել էին տղաները` ռեժիմի ներկայացուցիչների, բռնել ու բաց են թողել արդեն, իսկ տղաներին դեռ բանտում են պահում: Փաշինյանն ասում է ի՞նչ է, պետք է բանտի դռները բացե՞մ, այո, պետք է բանտի դռները բացվեն, և ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները: Բանտի դռները պետք է բացվեն և այնտեղ նետվեն 30 տարի երկիրը կեղեքած հանցագործները: Իմ տեսանկյունով Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը այսօր քաղհալածյալներ են»:

Զրուցեց` Լուսին Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *