Տարիներ շարունակ բոլորի ուշադրության կենտրոնում է եղել «Օֆշորի գործը». նոր մանրամասներ

  Տարիներ շարունակ բոլորի ուշադրության կենտրոնում է եղել «Օֆշորի գործը»։ Նշված գործով Աշոտ Սուքիասյանը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  190 հոդվածի 3 մասի 1–ին կետով, 205 հոդվածի 2–րդ մասով դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, այն է խարդախության, փողերի լվացման և հարկային պարտավորությունները կատարելուց չարամտորեն խուսափելու համար։ Նշված դատավճռի դեմ բողոք էր ներկայացվել Աշոտ Սուքիասյանի պաշտպանների կողմից։

Գործի քննության ընթացքում թավշյա հեղափոխությունից հետո մամուլով բազմաթիվ հրապարակումներ եղան այն կապակցությամբ, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրելու համար վճռորոշ նշանակություն էր ունեցել այն հանգամանքը, որ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռն ամուսնացել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, հանրությանը հայտնի Ալեքսանդր Սարգսյանի որդու հետ։ Հատկանշական է, որ մամուլը բացահայտեց, որ նրանց նշանադրության արարողության թամադան եղել էր Փայլակ Հայրապետյանը։ Մամուլը կատարեց շատ բացահայտումներ, թե ինչպես էր առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության, Աշոտ Սուքիասյանը դատապարտվել 16 տարվա ազատազրկման։

Երկրում տեղի ունեցած հեղափոխությունը հեղափոխական էր նաև նշված գործով վերաքննիչ դատարանի համար, քանի որ այն իրեն դրսևորեց որպես ազատ ու անկախ դատարան 2019թ. հունիսի 24-ին որոշելով Աշոտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /խարդախության/ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման/ մեղադրանքներով ճանաչել անմեղ և արդարացնել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով / հարկային պարտավորությունները կատարելուց չարամտորեն խուսափելը/ պատիժ նշանակել ազատազրկում` 6 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Համաձայն «Դատալեքս» տեղեկատվական կայքի տվյալների, դատարանի նշված որոշումից դժգոհ էին մնացել 2 կողմերն էլ, սակայն մինչև ներկայացված վճռաբեկ բողոքների հարցը լուծելը Աշոտ Սուքիասյանն իր պատիժը կրելով ազատվեց։

Բազմիս տարբեր հրապարակումներով տարբեր իրավաբանների, այդ թվում դատավորների կողմից, պարզաբանվել է, որ վճռաբեկ դատարանում գործում է ներկայացված բողոքների ընդամենը 2-3 տոկոսը վարույթ ընդունելու պրակտիկան։

Նշված գործով այդ պրակտիկան այլ է։

Ի զարմանս ինձ օրերս նշված կայքից տեղեկացանք, որ պաշտպանների վճռաբեկ բողոքը մերժվել է, իսկ դատախազության և տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչի բողոքը վարույթ է ընդունվել։

Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա, սակայն պարզվեց, որ դատական համակարգի ամենաբարձր ատյանում պատահականություններ չեն լինում, շարունակվում են հին ժամանակների «բարի» սովորությունները։

Պարզ է դարձել, որ Փայլակ Հայրապետյանի որդին՝ Հայրապետ Հայրապետյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, իսկ նրա անմիջական ղեկավարն է հանդիսացել վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հայրը՝ Զելիմ Թադևոսյանը։ Հայրապետ Հայրապետյանը շեֆի հետ ունեցել է մտերիմ փոխհարաբերություններ, չի բացառվում, որ հաճախ են շփվել նաև նույն ժամանակահատվածում դատախազությունում որպես քննիչ աշխատած Լիլիթ Թադևոսյանի հետ։

Ստացվում է այնպես, որ ծանոթությունն ու մտերմությունը շարունակում են կարևոր դեր խաղալ վերադաս դատական ատյանում, որտեղ հասարակ մահկանացուների, փաստաբանների բողոքները արժանի չեն քննարկման։ Հավանաբար, Հայրապետ Հայրապետյանի հետ ունեցած հարաբերությունները վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի հոր հետ ճակատագրական է լինելու Աշոտ Սուքիասյանի համար….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *