Թույլ չենք տա, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակը արտահանձնվի ՌԴ-ին. պահանջում ենք /տեսանյութ/

Երեկ`ապրիլի 6-ին, «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը, Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և Arlur.am լրատվական կայքի խմբագիր, գրող Լուսին Ղազարյանը պահանջ-ակցիա իրականացրեցին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հուշաքարի մոտ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ իշխանությունից ՌԴ-ին չարտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին:

Նշենք, որ Լազարյանը մեղադրվում է դեռևս 2011 թ. ՌԴ Ռայչիխինսկ քաղաքի, ծնունդով Ջավախքի Բավրա գյուղից հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ադրբեջանցիների կողմից հրահրված վիճաբանությանը հաջորդած զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության նպատակով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում պատճառելու մեջ։

2012 թվականից Հայաստանում գտնվող Լազարյանը ձերբակալվել է 2020 թ., նրա նկատմամբ սկզբում սահմանվել է 40-օրյա կալանք, իսկ ապրիլի 2-ին դատախազությունը դիմել է դատարան երկու ամսով կալանավորելու համար։ Միսակ Լազարյանը մոտ 17 օր գտնվում էր հացադուլի մեջ։

«Մենք հարգում ենք արտակարգ դրության պայմանները, և այդ պատճառով ակցիան բազմամարդ չէ: Միսաք Լազարյանին ՌԴ-ին տալը նույնն է, ինչ մեր հային տանք Ադրբեջանին: Թույլ չենք տա, որ Հայաստանում ապաստանած Միսակը արտահանձնվի»,-հայտարարեց Սեյրան Չիլինգարյանը:

«Ադրբեջանցիները ազգամիջյան հարաբերություններ են պարզել ու Միսակը արել է այն, ինչը պարտավոր էր: Ես որպես հայ մայր հայտարարում եմ, որ պայքարելու եմ Միսակի համար: Մեր ազգի պատիվն է, որ լինենք մեր հայրենասեր երիտասարդի կողքին»,-նշեց Լուսին Ղազարյանը:

Հայաստանի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը նկատեց, որ քնած սպային կացնահարող Ռամիլ Սաֆարովը արտահանձվեց Ադրբեջանին և հերոսացվեց:

Գագիկ Սարոյանը հայտնեց, որ Գուրգեն Մարգարյանը նաև իր սանն է եղել և բավականին պատրաստված մարզիկ էր: Գագիկ Սարոյանը հավաստում է, որ պահանջելու է ՀՀ իշխանությունից ՌԴ-ին չարտահանձնել հային:
Նա խոսքը փոխանցեց ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Այվազյանին, ով խոսեց Գուրգեն Մարգարյանի մասին և ցուցադրեց նրա նկարները:
Իր աջակցությունը հայտնեց նաև ազատամարտիկ Սամվել Մարդանյանը:
Անցորդները ևս միացան ակցիային և հղեցին իրենց խոսքը:

Հատուկ շնորհակալություն Ռուզաննա Ասլանյանին, ով չնայած եղանակային պայմաններին օգնեց ուղիղ եթերը ապահովելու հարցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *