«Հայի բախտն է մեզ օտար աշխարհ տարել, բայց մենք մեր ձևով ծառայել ու ծառայելու ենք հայրենիքին». Հարութ Բոգարյան

Ֆրեյդն ասում է` միայն մանկության երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել: Բարերար, հայրենասեր, ARMENIAN BRIGADE մոտոցիկլետիստների ակումբի փոխնախագահ, օտար հողում հայախոս և հարենապաշտ երեխաներ մեծացրած հայը ` բարերար Հարութ Բոգարյանը Arlur.am-ի հետ զրույցում անկեղծ էր:

-Երևանում ծնված Հարութ Բոգարյանը մանկության տարիներին ի՞նչ էր երազում:

-Ես ծնվել եմ Հայաստանում, մայրաքաղաք Երևանում 1969 թվականի ապրիլի 7-ին: Ծնվել եմ իմ անվան` Սուրբ Հարության օրը, պապիկս իմ անունը առաջարկել է հենց քրիստոնեական այդ տոնի առիթով: Կյանքիս մեծ մասը ապրում եմ ԱՄՆ-ում, իմ ընտանիքի դաստիարակությունը, իմ տատիկի, պապիկի և շրջապատի խորհուրդներն ու փորձը ինձ հայ են պահել: Որդիս` Դավիթը, 31 տարեկան է, դուստրս`Մարին, 26 տարեկան է: Զավակներս խոսում են հայերեն  և պահպանում են հայկական միջավայրը: ԱՄՆ գալուցս ի վեր միշտ կրկնում եմ. հայը չի կարող լիարժեք հայ լինել միայն ծնողների գենետիկ կոդով, հայը նա է, ով հայ զավակներ է դաստիարակում, իսկ ես արդեն հայախոս թոռներ ունեմ (լր. ժպտում է ):

Հայաստանից դուրս արդեն երկու տասնամյակից ավել ապրում եք հայկական ավանդույթներով և կենցաղով: Մի քիչ կպատմեք այդ մասին:

Տղաս առաջին անգամ Հայաստանում եղել է 10 տարեկանում և անցած տարի`30 տարեկանում: Նա սիրում է իր ազգը և նրա հետ շփվող բոլոր հայերը չէին հավատում,որ նա Հայաստանում չի ծնվել և կերտել իր կյանքի ուղին: Դուստրս` Մարին, ևս լավ խոսում է հայերեն և հետևում բոլոր ավանդույթներին: Նա Հայաստանում մեկ անգամ է եղել: Ես երազում եմ, որ իմ արդեն մեծ ընտանիքը իր կյանքը ապրի հայրենիքում: Մենք այդ մասով կհասնենք մեր նպատակին:

Բալզակն ասում է` ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը: Ինչպիսին է մեծ հայրենասեր Հարութ Բոգարյանի ընտանիքը:

-Զավակներս հայ են, կինս` Երանուհին, լավ դաստիարակություն է տվել… Որդիս ու ես եղանք զորամասում ու նա իրեն վատ զգաց` հայր ես չեմ ծառայել իմ երկրի համար: Ասացի` որդիս հայի բախտն է մեզ օտար աշխարհ տարել, բայց մենք մեր ձևով ծառայել ու ծառայելու ենք:

Բավականին հաճախ եք հայրենիք գալիս: Ձեր բարեգործական ծրագրերը բավականին բազմաոլորտ են: Առաջիկայում ինչ ծրագրեր ունե՞ք:

-Արդեն 26 տարի վարում եմ բեռնատար մեքենա (truck): Փորձում եմ օջախիս կարիքներին զուգահեռ հայ մարդկանց օգտակար լինել: Որդիս երեք երեխա ունի: Մեծ թոռնուհիս վեցը տարեկան է, փոքրը` երկու տարեկան: Թոռներիս հետ հայերեն եմ խոսում: Նրանք սիրում են հայոց լեզուն:Ես երազում եմ Երևանում տուն ունենալու մասին:Մենք մեր հնարավորության սահմաններում միշտ աջակցելու ենք սոցիալապես անապահով, ստեղծագործական ծրագրեր ունեցող մարդկանց…

Հայրենիքը Ձեզ համար:

-Հայրենիքը իմ սրբավայրն է: Դարեր առաջ Հայաստանս կոչվել է աստվածների երկիր: Իմ երկիր մուտք գործողը մկրտվում է, քանի որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք: Շնորհակալ եմ հարցազրույցի համար և այս արտակարգ իրավիճակի պայմաններում էլ ասում եմ` անպարտ ենք:

Arlur.am-ը շնորհավորում է մեծանուն հայ` Հարութ Բոգարյանին և իր ընտանիքին մայիսյան Եռատոնի կապակցությամբ: Միշտ հաղթող եղեք Մեծատառով ՀԱՅ:

Հավելենք, որ Հարութ Բոգարյանը մայր հայրենիքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել, լինելով ազատամարտիկների, մտավորականների և սոցիալապես անապահովների կողքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *