«Ձեր սրբությունները մի տվեք շներին». Լուսին Ղազարյանը` Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյան, որպես ՀՀ քաղաքացի, հասարակական-մշակութային գործիչ` Ձեզ դիմում եմ մի շարք նկատառումներով:
Ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցը հեղափոխությունից ի վեր դարձել է ձմերուկ կտրելուն համարժեք մի բան:
Փաստորեն մեր պետականության համար կարևորագույն համարվող կառույցի ղեկավարները կարող են դառնալ անգամ դավաճաններ: Անուններ չեմ նշի, քանի որ հանրության համար տիրող իրավիճակը առավելագույնս պարզ է եղել:
Ես դիմում եմ իմ երկրի վարչապետին` պահանջով, ՀՀ-ում կան կադրեր, որ երկրի համար բոլոր կարևորագույն ժամանակահատվածներում աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալիզմով և նվիրումով:
Այդ կադրերից մեկը ՄՀՆՋ (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) վետերանների միության նախագահ, Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, գնդապետ Գրիշա Սարգսյանն է: Մարդ, ով արցախյան պատերազմի ժամանակ համակարգել և ուղղորդել է ոստիկանական մեծաքանակ ուժերի, ով այսօր, աշխարհի 108 երկրներում բարձրացնում է Հայաստանի դրոշը և պահանջում, որ բարձր ու անբեկանելի լինի ոստիկանի պատիվը:

Պարոն Փաշինյան, ասելիքս կարճ ձևակերպեմ, օգտվեք փորձ ունեցող պատվարժան սպայի պոտենցիալ հնարավորություններից:
Ոստիկանության համակարգը ունի նման կադրային սպայի կարիք:

Ի վերջո մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք և տիրապետում ենք մի պարզ ճշմարտության:

Մեր հարգելի ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակ վարչապետ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ»:

Հարգանքներով` պետականությանը նվիրված ՀՀ քաղաքացի, գրող, լրագրող, հրապարակախոս, իրավապաշտպան  Լուսին Ղազարյան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *