Շնորհավոր լինի տոնդ, առաջնագծի հայ նվիրյալ բուժաշխատող

Այսօր Հայաստանը նշում է բուժաշխատողի օրը։Սոցիալական հարթակներն այս տարի հեղեղված են ավելի բուռն հանրային արձագանքով, երախտիքով ու շնորհակալությամբ։ Քանի որ շուրջ 40 հազարանոց մասնագիտական համայնքն այսօր անասելի ջանքով ճգնում է հաղթահարել համավարակի հարուցած առողջապահական լրջագույն մարտահրավերը։ Նոր կորոնավիրուսը չի շրջանցել նույնիսկ հղի կանանց և նորածիններին։ Տոնական այս օրն առանձահատուկ շնորհավորանքի են արժանի մոր ու մանկան կյանքի և առողջության համար պայքարող այն նվիրյալ մասնագետները, որոնց հանդիպեցինք Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում։

Ինչպես միշտ, ամենաբարդ խնդիրներն ունեցող ծննդաբերներն ու ծննդկաններն այստեղ էին, քանի որ ինստիտուտում անգամ 400-500 գրամանոց վաղահաս ծնունդը ապրելու շանս է ստանում։ Իսկ բջիջների ակնթարթային սառեցմամբ, առանց կենսունակության խախտման և սաղմերի զարգացման ցանկացած փուլում այստեղ հնարավոր է ապահովել կնոջ առողջ բեղմնավորումը, սերմնաբջիջների դոնորության բարեհաջող ընթացքը, գնահատել պտղի ֆունկցիոնալ վիճակը գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Հենց այս ինստիտուտն է լապորոսկոպիկ և հիստերոսկոպիկ վիրաբուժության հանրապետության առաջատարը, որտեղ կիրառվում են էնդոսկոպիկ վիրաբուժության նորագույն նվաճումները։ Այստեղ են ստեղծվել ոլորտի ուսումնական դասագրքերը, հարյուրավոր մենագրություններն ու ուղեցույցերը, մշակվել «Վերարտադրողական առողջություն» օրենքը և «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը»։ Մասնագիտական տոնի առթիվ ջերմ շնորհավորանք ու խոնարհում գիտագործնական այս ինստիտուտի շուրջ 350 նվիրյալներին, նրա անփոխարինելի առաջնորդ, ոլորտի առայժմ միակ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին, որի ձեռքերում ծնվել է համարյա Հայաստանի երկու մարզի չափ երեխա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *