Վիրուսը ինչքան էլ վտանգավոր լինի` պետք է մարդիկ վերարժևորեն սերն ու ժամանակը. աշուղ Աստղանուշ

Բարի, գեղեցիկ, վեհ ու հայրենապաշտ հայուհի, անզուգական երգերի հեղինակ-կատարող աշուղ Աստղանուշի ծննդյան տարեդարձն է: Arlur.am-ի հետ զրույցում աշուղ Աստղանուշը լավատես ու անկեղծ է.

-Սիրելի աշուղ Աստղանուշ, համավարակի պայմաններում ինչպե՞ս նշեցիք Ձեր ծննդյան տարեդարձը:

-Ես միշտ նախընտրել եմ ծնունդս նշել հարազատ մարդկանց շրջանակում, մասնավորապես իմ կողքին պետք է լինեն տղաներս, հարսներս ու թոռներս: Երջանիկ եմ զգում, երբ կողքիս է լինում սիրելի մայրս: Բազմաթիվ անգամ իմ ծննդյան օրը նշվել է ռեստորաններում, սակայն դա երբեք ինձ համար կարևոր չի եղել: Ես հիմա անհանգստանում եմ իմ ազգի համար: Գուցե մի հայորդի է ծնվել ու նրա ծննդյան առթիվ հարազատները ուզում են բազմամարդ խնջույք կազմակերպել, եկեղեցի գնալ, կամ այլ վայր: Շատերի սպասված երազանքներն են անկատար մնում ստեղծված իրավիճակի պատճառով:Ես հավատում եմ ու սպասում, որ այս վիճակը շուտով կավարտվի:

Ամենանվիրական ծննդյան երազանքը, որը կատարվել, կամ կատարվելու է:

-Անցած տարի որդիներս կատարեցին իմ ամենանվիրական երազանքը:Ես  եղա արևմտյան Հայաստանում: Երբևէ ստացածս ամենամեծ նվերն էր (հուզվում է): Տանը նշեցինք ծնունդս և անմիջապես տղաներս ինձ ճանապարհեցին էրգիր: Տղաներս ասացին` մամ ախր երգում ես` ով Աստղանուշ դու չես տեսել քո Էրգիր, գնա տես ու գրիր. ով Աստղանուշ եկա, տեսա իմ Էրգիր: Անցած տարի ես Վանա լճի մոտ էի: Մի տարուց ավելի է, որ ապրում եմ այդ թանկ զգացողությամբ: Ինձ թվում է երեխայիս թողել ու եկել եմ: Իմ ծննդյան օրը ուզում եմ Էրգրումս նշեմ, բայց ոչ որպես զբոսաշրջիկ:

Սիրելի աշուղ, ամենաանմոռանալի պահերի մասին պատմեք:

-Ես եռագույնը ձեռքիս գնացի և իմ մտահաղացմամբ կարված «անմոռուկ» տարազս հագա առաջին անգամ: Ես երազում եմ, որ նախ և առաջ աշխարհը ուրախ լինի և իմ ազգը բարգավաճի:

-Այս օրերին նոր երգեր ծնվե՞լ են

-Այո, շատ սիրուն երգեր են ծնվել: Իմ ծննյան օրն էլ միշտ մի բան եմ հասկանում` կարևորը սիրելն է: Սիրո տեղատարափ անձրև զգացի իմ ժողովրդի կողմից: Սիրված լինելը վերերկրային զգացողություն է, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Ես զգացի, որ կյանքս իզուր չեմ ապրել: Ես սիրում եմ աշխարհը և ուզում եմ, որ այն զերծ մնա աղետներից, որ մենք ծառերին ու ծաղիկներին կարոտ չմնանք: Վիրուսը ինչքան էլ վտանգավոր լինի` պետք է մարդիկ վերարժևորեն սերն ու ժամանակը: Անմեղ մարդիկ չկան և պետք է ապաշխարենք մի օր: Ուզում եմ անկաշկանդ ծիծաղ լսել ու քայլել փողոցներով` զգալով երջանիկ մարդկանց էներգիան:

-Ծննդյան օրով Ձեր շնորհակալությունը բարեմաղթողներին և բարեմաղթանքը:

-Ես լավատես եմ և հավատում եմ, որ կհաղթի բարին:Ես արևին եմ հավատում, որովհետև ինչքան էլ լուսինը սեր խոստանա` արևը պետք է ծագի զենիթում:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *