Յուրաքանչյուր նպատակ պահանջում է փորձություններ. Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի մարզիկը ցնցել է բոլորին իր նոր ռեկորդով

Երեկ` հուլիսի 8-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուընկալել էր  ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Զորիկ Պողոսյանին: 
Մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ մարզի ղեկավարը վերջինիս շնորհավորագիր հանձնեց Դյուցազնագրքի ռեկորդների թիվը ևս մեկով ավելացնելու և Լոռու մարզի անունը բարձր պահելու համար: Անդրեյ Ղուկասյանը շեշտեց` որպեսզի մարզական կյանքն ակտիվանա, միջազգային հարթակներում բարձրացվի երկրի դրոշն ու մշտապես մեկ քայլ առաջ լինենք, մարզպետարանը պատրաստ է աջակցել հնարավոր բոլոր տարբերակներով. մարզիկների կողքին կլինեն՝ նորանոր հաղթանակներ գրանցելու ակնկալիքով: 

Հանդիպմանը ներկա են եղել  նաև Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի պետ Հովիկ Սահակյանը, ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը, ով  շնորհակալագիր է հանձնել  մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և ՀՀ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանին:

Գագիկ Սարոյանը Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ հպարտ է Զորիկ Պողոսյանի ձեռքբերումներով: Նա մասնավորապես նշեց. «ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիան իմ` Գագիկ Սարոյանի նախագահությամբ, հատուկ շնորհակալություն է հայտնում  հարգարժան մարզպետին, առ այն, որ նա  հնարավորինս աջակցությունն է ցուցաբերում մեր ֆեդերացիայի մարզիկներին: Հայ դյուցազուն Զորիկ Պողոսյանը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է «ուժն է ծնում իրավունք» կարգախոսին, սակայն մարզիկները միշտ կարիք ունեն քաջալերանքի ու գնահատականի: Զորիկ Պողոսյանը համոզված եմ նոր ռեկորդներ կսահմանի առաջիկայում, որով էլ բարձր կպահի լոռեցիների պատիվը»:

Զորիկ Պողոսյանը ևս պատասխանել է Arlur.am-ի հարցերին:

Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ռեկորդակիր, դյուցազուն կոչումներին հասնելու ճանապարհը: Քանի տարեկանի՞ց ես զբաղվում սպորտով և ե՞րբ հասկացար, որ պետք է զբաղվես հենց ուժային եռամարտով:

Մանկուց  երազել եմ դառնալ մեծ մարզիկ, իմ մեջ եղել է նպատակ հասնել բաղձալի արդյունքի և այսօր դա ստացվել է: Դեռ փոքր տարիքից իմ մեջ եղել է այդ ուժը, զբաղվել եմ մի քանի սպորտաձևով, սակայն վերջում ընտրեցի ծանրամարտը: Այս սպորտաձևում ունեցա որոշակի նվաճումներ` 7 անգամ մասնակցել եմ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին:

Ծանրամարտ սպորտաձևը ինձ մոտ նույնպես շատ լավ է ստացվում, բայց մարզումների ժամանակ զգում էի, որ ուժային եռամարտը ավելի հասանելի է և կապ հաստատեցի Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ: Նա տեսնելով իմ ջիղը, ուժը, եռանդը, ձգտումները` խորհուրդ տվեց զբաղվել պաուերլիֆտինգով, և ես իմ հայրիկի հետ, ով իմ անձնական մարզիչն է, սկսեցինք մարզումները:

Ռեկորդը սահմանելուց առաջ և հետո քո զգացումները:

– 2018 թվականին, երբ կայացավ Հայաստանի առաջնությունը, շատ բարձր արդյունքներով հաղթեցի և համարյա մոտ էի միջազգային կարգի սպորտի վարպետի նորմային, 2018թ. տարեվերջին կայացավ Եվրոպայի առաջնությունը, որին գնացինք մեծ թիմով: Այնտեղ ես կարողացա դառնալ Եվրոպայի բացարձակ չեմպիոն, իսկ 2019թ. Ուկրաինայում` աշխարհի չեմպիոն, դրանից հետո էլ աշխարհի կրկնակի չեմպիոն և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Իմ կյանքում շատ դժվարություններ են եղել, սակայն ես հաղթահարել եմ և չեմ կոտրվել: Եթե ես միայնակ պայքարեի, հնարավոր է հիասթափվեի և չստացվեր ինձ մոտ, բայց դա եղել է թիմային աշխատանք, որում մեծ ներուժ ունեցավ իմ հայրը, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, որոնց շնորհիվ էլ կարողացել եմ հասնել արդյունքի: Շնորհակալ եմ նրանց դժվար պահերին կողքիս լինելու համար:

Յուրաքանչյուր նպատակ պահանջում է փորձություններ, որոնք պետք է կարողանաս հաղթահարել: Դա մի մեծ լաբիրինթոս է, որտեղ փակվում են նաև որոշ դռներ, որոնք բացելով ես հասնում արդյունքի: Ինձ համար գրեթե փակ դռներ չկային ու ես քայլում էի առաջ: Այսօր ես վայելում եմ մարզասերների հարգանքը և հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը:

8 տարեկանից զբաղվել եմ ծանրամարտով մինչև 24 տարեկան, հետո ընդհատումներ եղան վնասվածքների պատճառով: Վերականգնվելուց հետո շարունակեցի սպորտային կարիերաս և 27 տարեկանում արդեն սկսեցի զբաղվել ուժային եռամարտով և զբաղվում եմ մինչ օրս:

Անկեղծ ասած մտադրություն չի եղել Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելու, քանի որ տրամադրված էի ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին` Մոսկայի Եվրոպայի առաջնությանը, հետո աշխարհի առաջնությանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խոչընդոտներ եղան ու մարզումները սահմանափակվեցին, դժվարությամբ էինք մարզվում:

Ես միշտ հետաքրքրվել եմ հայ դյուցազուններով, սիրել եմ հայոց պատմությունը: Ես նկատեցի, որ նույնպես ուժ ունեմ: Որոշեցի ջանք ու եռանդ չխնայել ու մարզվել, հասնել արդյունքի և հայտնվել նրանց շարքում, որը ինձ մոտ ինչպես տեսնում եք ստացվել է: Իմ զգացողությունները ռեկորդից առաջ բնականաբար մի փոքր լարված էին, բայց վստահ էի որ իմ ուժը օգտագործելով կսահմանեմ նոր ռեկորդ:

Դյուցազնագրքի ռեկորդի վարժության ձևը եղել է 200 կգ ուսերիս վրա, նստած դիրքում պահել եմ 40 վայրկյան, որից հետո փորձել եմ բարձրանալ: Ինձ մոտ ստացվեց և Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը և հանձնաժողովը գրանցեցին ինձ դյուցազունների շարքում, որի համար շատ շնորհակալ եմ:

Շատ ուրախ էի որ կարողացա գրանցվել դյուցազունների շարքում, դա ինձ համար պատիվ է և թող ծառայի օրինակ մեր երիտասարդների համար, որ նույնպես ձգտեն և հասնեն հաջողությունների:

Մի քիչ պատմիր աշխատանքիդ մասին, ԱԻՆ փրկարարական ծառայությունը ու քո երազանքները:

-Բացի սպորտը աշխատում եմ նաև ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում, որպես հրշեջ-փրկարար, կոչումով սերժանտ: Համատեղում եմ սպորտն ու աշխատանքը, սպորտը ինձ կոփում է ու մոտիվացնում, որ աշխատանքի ժամանակ ինձ ավելի խիզախ զգամ:

Հայկական դրոշը ծածանելու իրավունքը քեզ համար:

Հայկական դրոշ ծածանելը մեծ պատասխանատվություն է, ու այդ պահը, երբ կանգնած ես պատվո պատվանդանի առաջին աստիճանին ու հնչում է հայոց օրհներգը, բարձրանում է հայկական դրոշը, անբացատրելի զգացում ես ապրում:

Հերթական հզոր ռեկորդդ նվիրել ես «Կամուրջ-88» նախաձեռնությանը, մի քիչ այդ մասին կմանրամասնես:

-Ռեկորդս նվիրեցի «Կամուրջ-88» նախագծին, որի նպատակն է պահել  սփյուռքում ծնված հայ մանուկների ոգին և ամրացնել նրանց կապը  հայրենիքի հետ` հեռավար դասընթացների, սպորտային, մշակութային և ռազմահայրենասիրական միջոցառումների միջոցով: Շնորհակալություն նախագծի հիմնադիրներին`

Հույն-Ռուս-Հայ  E.R.A. Բարեկամության միության հիմնադիր Աղավնի Մկրտչյանին, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, Arlur.am լրատվական կայքի խմբագիր, գրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանին, ով մշտապես մեկնաբանում է  և աշխարհին ի ցույց դնում մեր հաջողությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *