«Անթեղված երգեր». Աշուղ Աստղանուշի վարդ-երգերը` Վարդավառի տոնին

ԱՆԹԵՂՎԱԾ  ԵՐԳԵՐ

Իմ աշխարհը՝ երգ ու արցունք,
Լու՜յս ճամփաներ՝անդարձ ու թեն,
Զա՜ռ ծաղիկներ, բեմ ու բարձունք՝
Օծված ծափով՝ անվարձ, անքեն…

…Երգս մակույկ էր՝ հանձնված օրերի հորձանքին… Մի օր այդ երգ-մակույկով «հայտնվեցի» Սև ծովում… «Բալկանինտուրիստ»-ի հրավերով, ՀՀ վաստակավոր արտիստ, քամանչահար ՀՐԱՉՅԱ Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ գլխավորությամբ, Իջևանի շրջանի Ազատամուտ ավանի «Բենտոնիտ» մշակույթի պալատի ժողգործիքների անսամբլի (գեղ. ղեկ.՝ ԳԵՈՐԳԻ ԲԱՂԻՐՅԱՆ) կազմում, մեկնեցի Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու «Արևային ափ» սևծովափնյա հանգստավայրի հիմնադրման 30-ամյա հոբելյանին տրվող ինքնագործունեության միջազգային փառատոնին:

1989թ. հունիսի 11… Վարպետի՝ Հրաչյա Մուրադյանի «Թռի՜ր, թիթե՛ռ»-ը թռավ սիրտս ու ցայսօր վրդովում է հոգիս…

Հունիսի 12-ին 2000 տեղանոց բացօթյա դահլիճում կայացավ փառատոնը, որին մասնակցում էին Արգենտինայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Բուլղարիայի անհատ կատարողներ  և անսամբլներ:

Մեր անսամբլն արժանացավ փառատոնի  առաջին կարգի մրցանակին:

Փառատոնից հետո ելույթի հրավեր ստացանք «Էլենիտե» միջազգային հանգստավայրից:

…Շքեղաշո՜ւք դահլիճ… Ես երգեցի «Դլե յաման»: Ինձ նվագակցում էր անսամբլի դուդուկահար ՏԻԳՐԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ (վեհալո՜ւյս պահ էր)…

Համերգը եզրափակվեց Տիգրանի «Հովերն ընկան»-ով: Իմ ու իր հայրենի Իջևանի սարերի շնկշնկան հովերի շրշյունն ընծայեց նա հանդիսատեսին…Դահլիճով մեկ ասես տարածվեց Գանձաքարի զառվառ ծաղիկների բույրը: Համերգը տեսագրվեց Սոֆիայի հեռուստատեսության նկարահանող խմբի կողմից և հաջորդ օրն իսկ ցուցադրվեց Բուլղարիայի կենտրոնական հեռուստատեսությամբ:

Հետո մենք հյուր եղանք հայաշատ Բուրգաս քաղաքի «Երևան» մշակույթի տանը: Տիգրանի հայաշունչ ելույթի ժամանակ բուրգասահայերի աչքերում ես տեսա բյուրեղացող արցունքի այն կաթիլը, որն ինձ օգնեց հասկանալ «պանդուխտ» բառի սրտամորմոք իմաստը… Եթե դուդուկով նա հայի հոգին էր ասես պեղում, ապա կլարնետով խանդավառում էր օտարազգի զբոսաշրջիկներին. կլարնետը խա՜ղս էր լինում նրա  մատերի տակ…

Վառնա –Արևային ափ – Էլենիտե – Բուրգաս – Կազանլիկ – Գոբրովո – Վելիկո Տերնովո – Պլևեն – Սոֆիա ուղերթն ինձ համար դարձավ անուրանալի այն ճանապարհը, որից հետո մեկիկ-մեկիկ ծնվեցին երգաշխարհիս նոր ու լուսաշող շավիղները:

1992թ. մայիսի 16… Իջևանի սահմաններին՝ կրակոցներ, իսկ ես՝ Երևանի Երիտասարդական պալատի բեմում… ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ժողգործիքների համույթների և անհատ կատարողների հանրապետական փառատոն-մրցույթի եզրափակիչ փուլն էր… Տիգրան Անտոնյանի նվագակցությամբ երգեցի Աշուղ Աշոտի «Ծովաստղիկս» երգը՝ ուշքս թուրքի կրակոցներին…

…Հաղթեցի՛նք՝ նվաճելով փառատոն-մրցույթի առաջին կարգի մրցանակը:

Երգս լու՜յս էր անսեր ու թեն
Մոլորումիս ճամփեքին
Ես ապրեցի սերս անքեն
Խավա՜ր, անլույս, մութ ծեգին…

 …Ես «է՛ն գլխեն» գտել էի երգի այն աղբյուրը, որ թաքնվում է փրփրադեզ գետի գոռ ալիքների տակ, այն լույսը, որ ճառագում է ասուպի հայտնվելուց ու կորչելուց, այն ծաղիկը, որ բուսնում է անդունդի պատին՝ երբևէ չկորցնելով նեկտարացող ծաղկափոշին, այն մուսան, որ վարդագինու պես հրկիզում է հոգիդ…

Այդ երգերն իմ սրտի երգերն են, որ վերծանում էին իմ սերն ու ցավը…

Բայց ցավը չանցավ, ու ծնվեցին իմ հեղինակային երգերը՝ «Իմ յարը սոխակ է», «Դե խոսի՛ր, լռա՛ծ բլբուլս», «Ու՞ր ես, արի՜, գարու՜ն է», «Խավար հագավ զառ գիշերը», «Էդ ու՞ր ես գնում, անու՛շս»….

Ու երգերս ինձ տարան Ջիվանու անվան աշուղական դպրոց, որը մշտալույս կանթեղի նման լու՜յս է տալիս երգող սրտերին:

…«Սայաթ-Նովա»  մշակութային միության (նախ՝. ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ) նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Հայ աշուղների միության, Հայաստանի գրողների միության, Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Տավուշի մարզպետարանի մասնակցությամբ 2009թ. հուլիսի 30-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ իմ ձեռնադրության հանդիսավոր արարողությունը: Հայասատանի Հանրային Ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի (գեղ. ղեկ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գործիք. մասի ղեկ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԵՄ ԽԱՉԱՏՈՒՐ) համերգային ծրագրում ընդգրկված հեղինակային երգերս մեր ժողովրդին մատուցվեցին խայտանկար և զարդարուն:

Ինձ շնորհվեց Աշուղ-վարպետի կոչում, և տրվեց Աշուղ Աստղանուշ պատվանունը: 2013 թվին արժանացա ձեռնադրող աշուղ-վարպետի պատվավոր կոչմանը:

Աշուղ Ջիվանին ասել է. «Անթև թռչնիկ է աշուղը»: Ես էլ մի «անթև թռչնիկ» դարձա, որ մեկ գիշերահավքի պես խավարի մեջ է երգն անթեղում, ու մեկ էլ՝ արտույտի պես արևագալի շողերին խառնում իմ արևոտ երգը…

Աստված իր հրաշք սերն ինձ ընծայեց
Ու ծաղկեց ձայնս խաղերով անուշ,
Վաղորդյան շաղով իմ հոգին ցայեց,
Որ ես լինեի՜ Աշուղ Աստղանուշ…

«Աշուղ ըլիլն ինձ ամա մինձ ցավ դառավ»,- ասել է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ:

«Աշուղ ըլիլն» Աստղանուշիս նախևառաջ պարտավորեցրեց, չմոռանալով երգեղեն անցյալս, գնահատել ու վերարժևորել այն մարդկանց, ովքեր նպաստել են իմ երաժշտամտածողության ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, այն երաժիշտ ընկերներիս, որոնց հետ ըմբոշխնել եմ մեծ բեմի խորհուրդը…

Ինձ «Վարդի աշուղ» են կոչում: «Վարդերս», «Ու՞ր էիր, իմ վա՛րդ», «Կոկոն վարդի փշեր ունես», «Սև վարդի փուշ է քո սերը» երգերիցս ասես առնում եմ այն խաս վարդերի բույրը, որոնք իրենց թովչանքով հմայել էին հոգիս ՎԱՐԴԵՐԻ ԵՐԿԻՐ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ…

…Ասում են՝ աշխարհում կա մի վարդ, որի փուշը դեպի ներս է աճում. ես  այդ փշի գաղտնագիրն եմ վերծանում…

Վարդամատն Աստղիկի պես ոչ թե վարդի թերթիկներ, այլ վարդ-երգերս եմ ես ընծայում իմ հայ ժողովրդին, իմ արվեստի երկրպագուներին՝ մաղթելով լինել ոչ թե Վարդավառի անցանկալի անձրևի պես, այլ՝ Վարդատոնի կարմիր վարդի նման՝ սիրաբորբ, զգլխիչ…

Իսկ ե՞ս…Ես էլ գնամ՝ վարդաջրով օծելու անթեղված երգերս՝ «Քելե՛, լաո՛», Աշուղ Ջիվանու «Սևիկ աչեր», Աշուղ Աշոտի «Ծովաստղիկս», Ն. Գալանտերյանի «Իմ ուղին»….

Ժամանակի թոհուբոհի մեջ ոչ մի բիրտ քամի չվերացրեց այն անթրոցը, որն անթեղում էր երգիս կրակը…

…Խաչքարը պահպանելու համար այն վանքի պատի մեջ են դնում, իսկ երգը պահպանելու համար այն պիտի պահել սրտի խորանում, որ աղո՜թք դառնա…

Իմ անթեղված երգերն իմ երգ-աղոթքներն են, իսկ աղոթքը կիսատ չեն թողնում…

ԱՇՈՒՂ ԱՍՏՂԱՆՈՒՇ
Վարդավառ 2020թ.
Երևան-Իջևան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *