«Հաց բերողին» չեն մոռանա. հուլիսի 26-ը նրա հիշատակի օրն է

Նա հաց տարավ մարդկանց ու կապ չունի այս պահին`ապստամբներ էին, նվիրյալներ, թե՞…
Արթուրը կատարեց իր ներսի հրամանը ու հենց միայն դրա համար նա արժանի է խոնարհման ու հարգանքի:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

Արթուրը հայ մարդու խիղճն էր: Արթուրը կապ չուներ քաղաքականության հետ: Նա ոտքից գլուխ բարություն էր ու այդ բարությունը արտացոլվում է նրա մատների արտաբերած հնչյուններով` փայտի վրա:
Արթուրը հավատում էր ու հավատաց մինչև վերջ: Նա առաջին հերթին հավատում էր բարի գործերին ու հացին: Արթուրը միշտ անմահ է` հացը ձեռքին:

Երեկ` հուլիսի 26-ին Աշոտ Վարդանյանի հովանավորությամբ` Վանաձորում տեղադրված Արթուրի արձանի մոտ մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում: Անտեսելով անգամ արտակարգ իրավիճակը գալիս էին ու ծաղիկներ խոնարհում Արթուրի հիշատակի առաջ:

Եղբայրը` Արտակ Սարգսյանը կնոջ հետ միասին Վանաձորում էին:

Արտակ Սարգսյանը Arlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հուզվել է մարդկանց երախտագիտության արտահայումից:

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հաց բերողը` 25 օր հացադուլի մեջ էր: Հաց բերողին սպանեցին ու նրա մահվան համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *