«Հայ համայնքը պետք է օրենքի սահմաններում լինի զինված». Մոսկովաբնակ հայագետ, ռեպ կատարող Դավիթ Աղաջանյան (NAY 374)

«Հայ համայնքը պետք է օրենքի սահմաններում լինի զիված»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում բնակվող իրավաբան, հայագետ, ռեպ կատարող Դավիթ Աղաջանյանը ( NAY 374):
Դավիթ Աղաջանյանը բավականին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում և օրերս մասնակցել է Մոսկվայում պարբերաբար գումարվող հայ համայնքի քննարկումներին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանդաները վերջին օրերին բազմաթիվ հարձակումներ են գործել Մոսկվայում բնակվող հայերի վրա:

Դավիթ Աղաջանյանը նշեց, որ հայ համայնքը Մոսկվայում կոնկրետ մեկ ղեկավար չունի.«Սարիբեկ Գևորգյանը, ով այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ էր անցկացնում և հանդարտության կոչեր հղում`  գործարար է: Նա հայ համայնքի ղեկավարը  չէ: Արա Աբրահամյանն էլ հասարակական կազմակերպության ղեկավար է ընդամենը, Մոսկվայում կա հստակ հայկական համայնք, բայց կոնկրետ մեկ լիդեր չկա, կա «Ռուսաստանի հայերի միություն», որտեղ Արա Աբրահամյանն է ու իր շրջապատը, կա դեսպանատուն, կա եկեղեցի, տասնյակ ՀԿ-ներ, որից մեկը` իմ հայագիտական ՀԿ-ն է, ու մենք ոչ մեկի չենք ենթարկվում, ղեկավար էլ չկա, եթե ղեկավար փոխվի, ուրեմն դա կլինի կոնկրետ իրենց ՀԿ-ում: Յուրաքանչյուրը ղեկավարում է իր կազմակերպությունը»,-մանրամասնեց Դավիթ Աղաջանյանը:

Դավիթ Աղաջանյանը իր պարտքն է համարել մասնակցել  հայերի կողմից հրավիրվող ժողով-քննարկումներին:

«Ես ամենասկզբից մինչ օրս մասնակցում եմ ժողովներին ու կապ եմ պահում համայնքի խնդիրներով անհանգիստ հայերի հետ: Ադրբեջանցիները սադրեցին սահմանին, սպառնալով մեզ, հետո «ծեծ»  կերան ու կորցրեցին դիրքեր: Սա նախապայման հանդիսացավ, որ սփյուռքում սկսվի հայտնի   շարժը, որի հետևանքով նրանք Մոսկվայում օգտագործեցին իրենց տնտեսական լծակները ու ազդեցիկ համայնքը, փակեցին մի շարք շուկաներ:

Մենք էլ արագ կողմնորոշվեցինք: Արվեցին ժողովներ ու որոշվեց գնել Հայաստանից եկած փչացող  ապրանքը: Այս դիվանագիտության առումով էլ ադրբեջանցիները պարտվեցին: Ադրբեջանցիները ավելի կատաղեցին, ու հաջորդ քայլը փողոցային բռնություններն էին, որը անսպասելի էր մեր կողմից: Անհատների կողմից հակահարվածի փորձեր արվեցին ու մեզ հրավիրեցին Մոսկվայի ФСБ: Մեզ հետ զրուցեց տվյալ կառույցի Մոսկվայի պետի տեղակալը և  էլի մի քանի պաշտոնյաներ: Մեզ տեղեկացրին, որ հանդիպել են արդեն ազերիների ներկայացուցիչների  հետ ու հարցը խիստ է  դրված` ադրբեջանցիները պետք է անհապաղ դադարեցնեն բանդաների միջոցով հայերի հանդեպ բռնությունները:Մեզ համարեցին տուժած կողմ: Հորդորեցին զերծ մնալ սադրանքներին տրվելուց ու ասեցին, որ մեր հայրենակիցներին էլ ասենք, որ ամեն ինչ դադարեցնեն, որ  իրենք 2 օրում հարցերը կլուծեն, բոլոր կողմերի քաղաքացիներին կա՛մ կդատեն, կա՛մ դեպորտ կանեն: Իրավապահները հայտարարեցին, որ կոշտ միջոցներով կպայքարեն: Նրանք մեզնից միայն մի բան պահանջեցին մեր հայրենակիցներին հորդորենք զերծ մնալ նույնատիպ պատասխանելուց: Մենք ասացինք`
լավ, ու գնացինք մեր դեսպանի հետ հանդիպման: Նրան խնդրեցինք, որ իր արած հայտարարությունից բացի, որը արդեն տեղադրել էինք մեր էջերում` նաև տեսաուղերձ նկարի:Նա  կատարեց մեր խնդրանքը, նկարեց ուղերձը ու կոչ արեց հայ համայնքին լինել զուսպ»,- կատարված իրադարձություննեը հերթականորեն ներկայացրեց Դավիթ Աղաջանյանը:
Իր հերթին Դավիթը կոչ արեց հայերին.
«Առաջինը`աշխարհասփյուռ  հայությունը պետք է զերծ մնա սադրանքներին տրվելուց հնարավորին  չափով, երկրորդը` մի քանի օր ուշ ժամերին դրսում չլինել, քանի-որ  պետք է ընդունենք իրավիճակը ինչպես որ կա, երրորդը` լինենք միավորված ու կապ պահենք հայ համայնքի հետ»:

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *