Ոստիկանական համակարգում արմատական փոփոխություններ են պետք. Գնդապետ Գ.Սարգսյանը` Վարչապետին

Վերջին ամիսներին ոստիկանի կերպարը հայ մարդու համար դարձել է «բոբոյի» կամ սարսափ ֆիլմերից հայտնի չարին համարժեք ինչ-որ խորհրդանիշ: Պարետի որոշումները իրականացնող ոստիկաններն անգամ թիրախավորվում են, երբ նրանց նյարդերի վրա «աշխատելով» դիմակ չկրող քաղաքացիները տեսանկարահանում ու նրանց դարձնում են համացանցի հերոս:

 Այս առնչությամբ Arlur.am-ը զրուցել է Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի (IPA) հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ: Գրիշա Սարգսյանը անհանգստացած է Հայաստանում տիրող ամենաթողության և անպատժելիության  համար:

 «Բազմիցս հորդորել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանում վաղուց պետք է ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության, ինչը առաջադեմ երկրներում արդեն տարիներով առկա է: Իմ առաջարկած չափանիշների համաձայն` ոստիկանությունը պետք է ապահովված լինի իրավական, սոցիալական, ֆինանսական և անվտանգության բոլոր հնարավոր պայմաններով: Ոստիկանը հասարակության աչքում չպետք է լինի խեղճացած: Իրավագիտակից և իրեն ընձեռված մասնագիտական կարողություններին տիրապետող ոստիկանը վստահաբար  պետք է կանգնի իրավունքները  չտիրապետող քաղաքացու կողքին: Նա պետք է  ճիշտ պահին կարողանա վնասազերծել հանցագործին, առանց վախի, որ վաղը հնարավոր է  իր դեմ հանրային ճնշում լինի: Իրավական գիտելիքները պետք է լինեն ոստիկանի համար առաջնահերթ»,-նշեց Գրիշա Սարգսյանը:

Գրիշա Սարգսյանը համոզված է, որ թավշյա հեղափոխությունից հետո կադրային պարբերաբար փոփոխությունները առ այսօր որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը` անվստահություն են ծնել հասարակության մեջ:

«Հարգարժան վարչապետ` արմատական փոփոխություն է հարկավոր ոստիկանական համակարգում: Ցավում եմ, որ ամեն ոք կարող է ծաղրել և հեռախոսով նկարել ոստիկանին և մնալ անպատիժ:Ոստիկանությունը պետք է լիարժեք օգտագործի իր գործառույթները:Մենք գնահատում ենք մարդու իրավունքների հիմնարար ազատությունները, որի ջատագովը Եվրոպան և ԱՄՆ-ն է: Որպես ՀՀ քաղաքացի և Ոստիկանության գնդապետ` պահանջում եմ` լուծում տվեք համակարգային խնդիրներին: Քաղաքացին պետք է կատարի ոստիկանության օրինական պահանջը: Պետք է հարգանքի փոխադարձ մթնոլորտ ձևավորվի, քանի որ ոստիկանությունը օրենքի պատվարն է: Միջազգային Ոստիկանական Ասոցիացիան պատրաստ է համագործակցել և  իր  միջազգային փորձը փոխանցել, որ ՀՀ ոստիկանությունը համապատասխանի միջազգային չափանիշներին»,-նշում է Գրիշա Սարգսյանը:

 Ոստիկանության գնդապետը պահանջում է, որ կառավարությունը վերանայի ոստիկանության մասին օրենքով նախատեսված գործառույթները և համակարգին տա լայն և հզոր լիազորություններ և արտոնություններ.

«Դա պետք է արվի այնպես, ինչպես կիբեռոստիկանությունում է , որովհետև ոստիկանությունը հանդիսանում է պետության հիմքը»,-ամփոփում է գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *