Երկու տղաների հայր ցմահ դատապարտյալի նոր ռեկորդը գրանցվեց Դյուցազնագրքում. մանրամասներ

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը երբեք չի դադարում հավատալ, որ մի օր իր մարզական ձեռքբերումները կներկայացնի նաև ազատության մեջ: Մոտ 15 տարի պատիժը կրելով փակ ռեժիմում` օգոստոսի 31-ին Թաթուլ Միրզոյանը  սահմանեց ռեկորդ:

Arlur.am լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը նշեց.«Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ դատապարտյալը իր ժամանակը տրամադրում է սպորտին: Թաթուլը արատավոր սովորություններ չունի և խոստացել է գերազանցել սահմանած ռեկորդը, ինչը ողջունելի է»:

Վարդան Թովմասյանը հայտնեց, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Թաթուլ Միրզոյանը 35 տարեկան է: Նա սահմանել է Դյուցազնագրքի հերթական ռեկորդը` 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկ ընդ մեջ ուսագոտուց հրելով դեպի վեր 707 անգամ, 25 րոպե ժամանակահատվածում:

Թաթուլ Միրզոյանը դատապարտվել է 20 տարեկանում: Մինչ զինծառայության մեկնելը նա բավականին լավ սպորտային կարիերայի հիմք է դրել:1997-2003 թթ. մարզվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցում:Երեք անգամ դարձել է մարզադպրոցի բաց առաջնության հաղթող, Կոտայքի մարզային առաջնության քառակի հաղթող: Արարատի մարզում առաջին մրցանակակիր: Մասնակցել է հանրապետական առաջնությանը, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից անցկացված կշռաքարերի բարձրացման առաջնությանը` երկու անգամ հաղթանակ գրանցելով:

«Ներկայումս Դյուցազնագրքի հանձնաժողովի և քրեակատարողական ծառայության հետ համատեղ գրանցվել է 11 ռեկորդ` «Կոշ», «Արթիկ», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Համատեղ աշխատանքը տալիս է դրական պտուղներ»,-ընդգծեց Վարդան Թովմասյանը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Մանուկյանը Թաթուլ Միրզոյանին հանձնել է  ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից տրամադրված «Դյուցազնագիրը», առ այն, որ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»: 

ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը  Թաթուլ Միրզոյանին ընդգրկել է ֆեդերացիայի անդամ-մարզիկների ցանկում:

Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը ամուսնացած է: Նա երկու որդիների հայր է` 7 տարեկան և երեք ամսական:

Arlur.am-ի հետ զրույցում Թաթուլի կինը փոխանցեց նրա խոսքերը.«Աստված ինձ ուժ և հավատ է տվել և դատապարտյալ լինելուս առաջին իսկ օրից մարզվել եմ: 2018 թվականին մեկ ձեռքով 68 անգամ կշռաքար բարձրացրի, հաջորդ անգամ դա կրկնապատկեցի: Ես բանտախցում էի սկզբում պարապում, ինչը ահավոր դժվար էր: Հետո դա ինձ ոգևորեց: ՔԿՀ-ն օգնեց մարզումների հարցում»:

Թաթուլ Միրզոյանը աջակցության համար երախտագետ է նաև  ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ,«Արիության համար»  մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի  Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր Սարգիս Ստեփանյանին:

Թաթուլ Միրզոյանի ընտանիքը հավատում է, որ նա իր վարքագծով մի օր կհասնի նրան, որ ազատ կարձակվի և զավակների կողքին կլինի`գրանցելով նորանոր սպորտային հաղթանակներ:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *