«Հայորդիներով և հայուհիներով հաղթում ենք». գնդապետ Սարգսյանը կանանց ջոկատին մաղթել է

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանն (Ժարիտ Գրիշ) իր 100 կամավորագրված քաջերով առաջնագիծ մեկնեց սանձազերծված պատերազմից մեկ օր անց` սեպտեմբերի 28-ին:
Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը, հրամանատարի կոչին հետևելով, անմիջապես ձեռնամուխ եղավ կանանց ջոկատ կազմավորելու գործընթացին:
Փոխգնդապետ Այրումյանն օրեր շարունակ, գիշեր-ցերեկ հավաքագրելով կանանց և աղջիկներին, մոտ հազար դիմածներից առայժմ կազմել է առաջին ջոկատները.

«124 կին և աղջիկ ստանալով կրակային պատրաստվածություն մեկնեցին ռազմաճակատ:   61 կանանցից բաղկացած ջոկատը շուտով կլինի առաջնագծում»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Փոխգնդապետ Մարինե Այրումյանը հավաստում է, որ մոտ 700 հայուհիներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և լինել սահմանին պաշտպան: Փոխգնդապետը չի ցանկանում բացել փակագծերը, բայց հավաստում է որ հայուհիները գիտեն իրենց անելիքը.

«Ես վստահ եմ. որ զենքը ձեռքը վերցրած հայուհիները հաղթելու են, ու շուտով մենք բոլորս կմասնակցենք հարսանյաց արարողություններին»,- հավելեց Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *