«ОМОН-ի մարտիկները խրոխտաբար չեն լքի դիրքերը, մինչև ռազմագերիները չվերադարձվեն». Գնդապետ Գ. Սարգսյան

«ОМОН-ի ջոկատը չի լքի Մատաղիսը, մինչև հայ ռազմագերիները չվերադարձվեն, և մեր նահատակված տղաների անշունչ մարմինները չհանձնվեն հարազատներին»,- Arlur.am-ի հետ զրույցում հայտարարեց գնդապետ Գրիշա Սարգսյանը, ով դեռ չի ապաքինվել ռազմադաշտում ստացած վիրավորումից հետո:

Գրիշա Սարգսյանը հավաստում է, որ այսօրվա առաջնահերթ հարցը գերիների վերադարձն է:

«Ծանր ու պատասխանատու օրեր են, ծանր կորուստներից հետո իրավունք չունենք տղաներին թողնենք թշնամու ձեռքին խաղալիք ու հաղթաթղթի գրավական, պետք է տուն բերենք նաև զոհերի մարմինները:Մենք հայ ենք, ու մեր նահատակված տղաների մարմինների համար հայոց հողը պետք է դառնա անկողին: Կոչ եմ անում բոլոր ազգանվեր անձանց և հրամանատարներին`չլքել դիրքերը, մինչև չվերադարձվեն մեր ռազմագերիները և զոհվածների դիերը: Թասիբ ունենանք ու միասնաբար լուծում տանք այս հարցին: ОМОН-ի մարտիկները խրոխտաբար պայքարել և պայքարելու են»,-նշեց Գրիշա Սարգսյանը:

Գնդապետ Սարգսյանը հավելեց, որ օրերս հերթափոխ կկատարվի Մատաղիսի դիրքերը պահող հայրենանվեր ОМОН-ականների շարքերում:

Հիշեցնենք, որ Միլիցիայի հատուկ նշանակության վետերանների միության(ОМОН) ջոկատը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց առաջնագիծ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *