Մտավորականները պետք է բազմագույն, բազմազան ու բազմաբույր ծաղկեփնջի նման լինեն Հարցազրույց Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» ծրագրի ու համանուն հանրագիտարանային հրատարակության հեղինակ Գոհար Մարտիկյանի հետ

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ։ Ներկայիս սերնդի հայրենասիրական կրթության ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված հեռուստալրագրող,Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» ու համանուն հանրագիտարանային հրատարակության հեղինակ, զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր՝ Գոհար Մարտիկյանի հետ: Ծնվել է 1945թ. փետրվարի 11-ին Երևանում: 1951թ ընդունվել և 1961-ին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի դպրոցն ու նույն թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1966 թվականին աշխատել է Հայկական Սովետական Հանրագիտարանի խմբագրությունում: Այնուհետև 1969 թվականին հրավիրվել է աշխատանքի Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության ու Ռադիոյի կոմիտե որպես մանկական հաղորդումների խմբագիր:Այդ օրվանից մինչ օրս աշխատում է Հայաստանի Հանրային Ռադիոյում՝ոսկե ֆոնդին ի պահ տալով մի շարք մանկական պատմվածքներ,փոքրիկ բեմադրություններ ու «Ապրելու բանաձև» վերնագրով Արցախյան գոյամարտի հերոսների պատմություններ: Հեղինակ է մի շարք գրքերի, գրաքննությունների, մանկական ստեղծագործությունների, բանաստեղծությունների ու թարգմանությունների: Արժանացել է ՀՀ Ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին, 2011թ. ստացել ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:Որդին՝Հատուկ Նշանակության գնդի սերժանտ Աշոտ Չախոյանը, զոհվել է 1994թ. հունվարի 31-ին «1901 բարձունք»-ը պաշտպանելու ժամանակ:

Տարիների հեռվից գահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել: Մի քանի խոսքով kպատմեք ձեր ներկայիս գործունեության մասին

Ստեղծագործական առաջին փորձերս արել եմ 1-ին դասրանում, երբ արդեն սովորել էի բոլոր տառերը։ Երազում ոտանավորներ էի հորինում։։ Մի օր արթնացա ու խոստովանեցի մայրիկիս։ Նույն երեկոյան իմ մահճակալի մոտ դրված պահարանի վրա հայտնվեց թուղթն ու մատիտը, որ հորինածներս հանձնեմ թղթին։ Բայց դա կարճ տևեց։ Իրական աշխատանքն արդյունք տվեց 5-րդ դասարանում, երբ ես մի պիես հորինեցի ու այն բեմադրեցինք համադասարանցիներով։ Փորձի պահին եկան «Պիոներսկայա պրավդա» թերթի լրագրողներն ու մեր նախաձեռնությունը հայտնվեց Միութենական մամուլում։ Շատ զվարճալի էր։ Հետո՝ ԵՊՀ, հետո՝ աշխատանք Հայկական Սովետական Հանրագիտարանի խմբագրությունում, հետո արդեն՝ շուրջ 50 տարի՝ Հայաստանի հանրային ռադիոյում՝ նախ մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում, հետո արդեն սկսվեց ստեղծագործական կյանքիս 2-րդ շրջանը։ Ես ակամա դարձա Արցախյան ազատամարտի տարեգիրն ու 20-րդ դարավերջի մեր հաղթանակը կերտած քաջազուն հայորդիների (և ոչ միայն հայ) սխրանքի պատմիչը։

Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես այսօրվա հեռուստաընկերություններում, ռադիոյում և այլ նախագծերում:

Եթե գործդ սիրով ես անում ի՞նչ դժվարության մասին կարող է խոսք լինել։

Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս հեռուստատեսության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը։

Ինձ համար այդ՝«մութ ու լույս տարիներ» ասվածը իմ ազգի ապրած ամենահերոսական ժամանակաշրջանն է։ Ժամանակաշրջան, երբ մենք այնքան միասնական էինք, որ սարեր շուռ կտայինք ու «շուռ տվեցինք»՝ դառնալով ազատ, անկախ ու հաղթանակած։

Հայրենասիրական ինչպիսի հաղորդաշարի պակաս ունի ներկայիս սերունդը կամ ռադիոունկնդիրը։ 

Ներկայիս սերունդը հայոց պատմությունը, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐԸ, ՀԱՅԻՆ ու նրա տեսակը ճանաչելու և սիրելու խնդիր ունի։

Ի՞նչն է տարանջատում մեր մտավորականներին։

Օ-օ-օ՜…շատ բան։ Մենք բոլորս շա՜տ խելացի ենք և ցավոք՝ քիչ ենք միմյանց լսում, գնահատում, միմյանց արժանին մատուցում։

Ի՞նչը կարող է միավորել մեր մտավորականներին։

Միավորվելու կարիքը չկա։ Մտավորականները պետք է բազմագույն բազմազան ու բազմաբույր ծաղկեփնջի նման լինեն։ Իսկ միավորման միակ պահը հասունանում է, երբ թշնամին չոքում է մեր դռանը։

Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը։

Այսօր՝ քաղաքականության վրա և դա շատ գնահատելի է։ Մենք դարակազմիկ փոփոխության շեմին ենք հայտնվել և մեծ, անչափ մեծ է մտավորականների դերն այս պահին. Եկել է ներքին կյանքում «սրերը պատյան դնելու ժամանակը»։ Մեզ աղտ ու կեղտից մաքրված կյանք է պետք։ Հատկապես նրանց, ովքեր փորձում են հպարտ ապրել այն երկրում, որի խաղաղ ու ստեղծագործ կյանքն ապահովելու համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր փայփայած, գուրգուրած ու սիրված զավակները։ՄԵԶ ԳՈՒՐԳՈՒՐԵԼ Է ՊԵՏՔ մեր զավակների փոխարեն։ Իսկ դրա ամենավառ դրսևորումն այն կլինի, որ երկրում պահպանվի խաղաղությունը, ամեն մեկն իր գործն անի ազնվորեն ու մոռանա, որ երկիրը ոչ թե թալանելու, այլ շենացնելու համար է։ Ոչ ոք ոսկիներն իր հետ չի տանում այս աշխարհից։

Ինչպե՞ս կբնութագրեք <<Ապրելու բանաձև >> ռազմահայրենասիրական հաղորդաշարն ու համանուն մատենաշարը:

Այն ես չէ, որ պետք է գնահատեմ։ Այն գնահատում են իմ ռադիոլսողներն ու ընթերցողները, որոնց համար այս աշխատանքը ոչ թե պատմություն է սխրանք գործած հերոսների, այլ՝ հայի տեսակի, նրա նախաստեղծ լինելու և աշխարհին քաղաքակրթություն պարգևելու մասին։ …Ու նաև այն մասին, որ հայը, եթե կռվում է հանուն հայրենիքի, անգամ քչաքանակ, ի զորու է հաղթել բազմաքանակ թշնամուն։ Եվ դա փաստված է նաև իմ «Ապրելու բանաձևում»։

Ինչպե՞ս եք ընտրում ձեր մատենաշարի ու հաղորդաշարի հերոսներին: Արդյո՞ք ներկայիս սերունդը լավ է ճանաչում մեր օրերի հերոսներին։

Հերոսներն իրենք են ինձ ընտրում ու «պարտադրում», որ գրեմ բոլորի մասին, քանզի նրանց շնորհիվ ընթերցողներն ու ռադիոլսողները մտովի շրջում են պատմական Հայաստանով մեկ ու ճանաչւոմ այն, ինչը կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայրենիք, որն իր մեջ ներառում է նաև կարոտյալն ու կորուսյալը։

Հայրենասեր մարդու ձեր բնորոշումը։

Բնորոշումը չունեմ, բայց կամենում եմ, որ բոլորս լինենք այդպիսին -Ինչպիսի հատկություններով է նշանավորվում ու դրսևորում իրեն իսկական հայրենասերը;

Բառն ինքն արդեն ամեն ինչ ասում է՝ սիրել հայրեիքը, բայց կա մի շատ կարևոր «մանրուք»։ Հայրենիքը չեն սիրում միմյանց ատելով։ Մեր բոլոր բացթողումներն ու անդառնալի կորուստներն սկսվեցին այն պահից, երբ գլուխ բարձրացրին ագահությունն ու սկսվեց անմիաբանությունը։ Ժամանակին կորցրինք ծովից ծով Հայաստանը, Շուշին… Օ՜ ցավս ահագնացավ… Հիմա եկել է եղածը պահպանելու և շենացնելու ժամանակը:

Որքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական հանդիպումներ և ինչպիսի բնույթ են կրում դրանք։

Թեև բազմազբաղ ու ծանրաբեռնված եմ անչափ (պատճառը պարզ է), բայց երբեք չեմ խուսափում հանդիպումներից։ Եվ զրույցս այս պահին ուզում եմ ընդհատել մի շատ գովելի փաստ արձանագրելով։ Եվ դա կպատմի այն մասին, թե որքանով էր անհրաժեշտ «Ապրելու բանաձևի» ծնունդը։ …Ինչպես ամեն տարի որդուս՝ դեպի Անմահություն սավառնելու օրը՝ հունվարի 31-ին, մենք ընտանյոք, հարազատներով ու Աշոտիս ընկերներով գնում են նրա զորամաս, որտեղ Աշոտ Չախոյանի Փառքի անկյունում դրված գրապահարանում զգաստ զինվորների պես շարված են «Ապրելու բանաձև» մատենաշարի 12 հատորները։Գրքերը զինվորներն այնքան են ձեռքից-ձեռք անցկացրել, որ դրանք հասցրել են մաշվել։ԴԱ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ Է։

Մի քանի խոսքով պատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին:

2019-ին տպագրության պատրաստեցի «Ապրելու բանաձևի» 13-րդ հատորը՝ ստվարածավալ մի աշխատանք, որտեղ ամփոփված են Կոտայքի մարզի ազատամարատիկների սխրանքի պատմությունները՝ կրկին շաղախված հայոց բազմադարյա պատմության փաստագրումներով։

Փաստեր, որոնց իմացությունը կօգնի հային՝ հայ մնալ ու հպարտանալ իր հակական ծագումով։

Այս տարի մի նվիրական երազանք ունեմ՝ հնարավորինս ընդարձակ ներկայացնել սխրանքի այն պատմությունը, որով հերոսացան հայոց նորաստեղծ բանակի եզակի գնդի՝ հատուկ նշանակության գնդի մարտիկները, հրամանատարներից սկսյալ։ Այնտեղ ներկայանալու են ապրող ու անմահացած հերոսները, որոնք Արցախյան ազատամարտի ակունքներից սկսյալ ներգրավվել են ազատագրական դարակազմիկ այդ պայքարին ու աննախադեպ ու եզակի՝ ռազմարվեստի դասագրքում ամփոփվելու արժանի սխրանքների, հմտության, հնարամտության ու խելամտության շնորհիվ ապահովել են Քարվաճառի 2-րդ ու վերջնական ազատագրումը։

Ձեր մատենաշարը կամ հաղորդաշարը լույս ընծայելիս ինչպիսի տպավորություններով եք վերադառնում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպումներից հետո:

Ուզում եմ մի գաղտնիք բանալ։ Երբ ես տևական զրույցից հետո վերադառնում եմ տուն ու ամփոփում տպավորություններս, աշխարհի երջանիկն եմ համարում ինձ, քանզի հերոսների հարազատները, բոլորը, ինձ ճանապարհում են ժպիտով ու խնդրում՝ կրկին այցելել։ …Այդ պահին արդեն նրանց աչքերում արցունքներ չեն լինում։ Շատ կուզեի, որ բոլորն ապրեին այնպես, որ կարողանային հերոսների ծնողների աչքերից մաքրել արցունքներն ու դեմքը ժպիտով ողողել։

Որքա՞ն հաճախակի եք լինում զորամասերում զինծառայողների արձագանքը ձեր հանդիպումների մասին։

Ես ամեն օր ու ամեն վայրկյան եմ զորամասերում՝ իմ «Ապրելու բանաձև» մատենաշարի 12 հատորներով, որոնք նվիրում եմ զորամասերին, գրադարաններին, դպրոցներին, իսկ անձնական շփումներս առավել հաճախակի են Աշոտիս զորամասի՝ հատուկ նշանակության գնդի մարտիկների հետ, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպում դառնում է հայրենասիրության դաս, և որոնց ընթացքում առավել եմ համոզվում, որ մեր երկրի խաղաղությունը վստահելի ձեռքերում է։ Նրանց միայն փայփայել, կոփել է պետք ու ճիշտ դաստիարակել։ Դաստիարակել՝ բանակային կյանքի օրենքներով։ 

 Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

Դժվար է տեսնելը։ Ես միայն կարող եմ իմ պատրաստակամությունը հայտնել ապագայի լավագույնս կայացման գործում։

Խոսք ուղղված մեր երիտասարդներին։

Ուզում եմ, որ մեր երտասարդները միանան իմ պատրաստակամությանն ու միասին կերտենք այն երկիրը, որտեղ երազել են ապրել մեր պապերը, հայրերն ու այն զավակները, որոնք նվիրաբերեցին կյանքը հանուն հայրենիքի։

 Գարիկ Ավետիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *