«Հայոց հզոր, հաղթանակած բանակ, հայոց զինվոր, փառք ու պատիվ քեզ, տոնդ շնորհավոր». Գրիշա Սարգսյան

Վիրավոր ОМОН-ի հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանի ուղերձը հայոց բանակին.

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) դեռ բուժում է վերջին պատերազմից ստացած վերքերը:

Գնդապետը Arlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ բանակի կայացմանը, և որպես հայրենիքի սահմանների նվիրյալ և ավանդ ունեցող հրամանատար` շնորհավորեց Հայոց բանակին և հայ զինվորին:

«Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առաջ, ովքեր ընկան ու անմահացան հայոց պատմության էջերում: Հայ զինվորը չի պարտվել, հաղթել է ամենավտանգավոր ահաբեկիչներին:Մենք ութը պետության դեմ էինք պատերազմում: Պատերազմը դաժան էր, սակայն հայ զինվորը` հզոր:Մենք դեռ պատերազմելու ենք ու հետ կբերենք կորցրածը:Հայ ազգը միշտ կանգուն է իր բանակի ու դարավոր փրկիչ զինվորի շնորհիվ:

Համբերություն եմ մաղթում բոլոր անհայտ կորածների և գերեվարվածների ծնողներին, թող ձեր զավակները շուտափույթ վերադառնան տուն»,-հայտարարեց Գրիշա Սարգսյանը:

Գնդապետ Սարգսյանը հավելեց, որ արցախյան վերջին, դաժան պատերազմում հայ զինվորը հաղթել է, սակայն պարտություն ենք գրանցել տարիներ շարունակ քաղաքական ուժերի վարած սխալ և ազգադավ դիվանագիտության արդյունքում:

«Դու 44 օր ապացուցեցիր ամբողջ աշխարհին, որ հզոր ես ու անկոտրում է քո կամքը: Հայոց հզոր, հաղթանակած բանակ, հայոց զինվոր, փառք ու պատիվ քեզ, տոնդ շնորհավոր»,-եզրափակեց Գրիշա Սարգսյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *