130 հազար դոլար մեկ օրում հավաքեցինք. ԱՄՆ-ում բնակվող Ալեքսանդր Ահարոնյանը կշարունակի գործել հանուն Հայաստանի

ԱՄՆ-ում բնակվող Ալեքսանդր Ահարոնյանը ճակատագրի չար կատակ է համարում` հայրենիքից հեռու ապրելը: Ալեքսանդրը` Arlur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ  ապրում է հայրենիքով և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սանձազերծված պատերազմին արձագանքել է անմիջապես:
«Կարծում եմ, որ  այդ օրը բոլոր հայերը նույն ապրումներն ունեցան, սակայն հայրենիքից հեռու գտնվող հայի զգացումները մի քիչ տարբեր են: Ես այդ պահին չէի կարող առաջնագիծ գնալ»,-մանրամասնում է պատերազմի օրերից Հայաստանում գտնվող Ալեքսանդրը:


Նա նշում է, որ պահի կարևորությունը անմիջապես է զգացել և որոշել հայ համայնքի շրջանակներում հանգանակություն կազմակերպել ` հանուն հայ ազգի հաղթանակի:


«Նպատակը մեկն էր` հայ զինվորը անհրաժեշտ պարագաներ պետք է  ունենա և պետությունը կարողանա զինամթերք ձեռք բերել:Կազմակերպեցի հանգանակություն, որին մասնակցեցին մեր շրջապատում ապրող հայ գործարարները: Հավաքվեցինք Գլենդելում և արդյունքում հավաքվեց 130 հազար դոլար: Բոլորն էին ուզում օգնել և գումար էին ներդնում իրենց հնարավորության չափով»,-մանրամասնեց Ալեքսանդր Ահարոնյանը:

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) նշեց, որ Աեքսանդր Ահարոնյանը ներկայացնում է կազմակերպության Հայաստանի գրասենյակը ԱՄՆ-ում և հարգանքի արժանի անձ է:

Հանգանակված գումարը Ալեքսանդր Ահարոնյանի խոսքով` փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայրենիքից հեռու ապրող հայը հնարավորինս շուտ Հայաստան եկավ: Նա ուզում էր մասնակցել պատերազմին, բայց մինչ գալը իմացավ  կապիտուլիացիայի պայմանագրի մասին.«Իմացանք, որ հայոց հողերը արդեն հանձնվել են Ադրբեջանին: Ես չգիտեմ, թե մեր հանգանակած գումարները ի՞նչ նպատակի ծառայեցին: Ես հիմա Հայաստանում եմ և ուզում եմ հավատալ, որ մի օր այս զգացումով չեմ քայլի իմ հայրենիքում»:

Ալեքսանդր Ահարանյանը ԱՄՆ կմեկնի հանուն հայապահպանության` նոր գործերի ակնկալիքով:

Չի վարանում` մեր վիրավոր տղաները պետք է ապաքինվեն ու բազմաթիվ վիրահատությունների և պրոթևզավորումների համար պետք է ներդրում ունենան աշխարհասփյուռ հայերը:

Պատրաստեց` Լուսին Ղազարյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *