Արնաքամ վիճակում մտածում էր ընկերների մասին. Հերոս Գագիկ Պողոսյանը պատրաստվում էր նշանադրվել /տեսանյութ/

Գագիկ Դանիելի Պողոսյանը մեծացավ ազատամարտիկների միջավայրում: Հայրը` Դանիել Պողոսյանը, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ОМОН) կազմում պատերազմել էր թշնամու դեմ` արցախյան առաջին պատերազմում:

Գագիկը մանկուց ցանկացել է զինվորական դառնալ:Հայրը ասել է. «Տղա՛ս , դաժան է զինվորականի ճակատագիրը, ինձ տես ու քեզ խղճա»: Գագիկը արձագանքել է. «Պա՛պ, ինչի ես ձեզնից վա՞տն եմ:

Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ավարտեց ու սկսեց ծառայել Արցախում:

Ընկերները Գագիկին նկարագրելիս ասում են` համարձակ էր, հայրենասեր և միևնույն ժամանակ շատ համեստ:

Ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ): Սիրահարված էր և պատրաստվում էր ընտանիք կազմել: Ծնողները հուզվում են`12 տարի արդեն սիրած աղջկա հետ շփվում էր:

«Ինքը միշտ լիդեր էր, սկսած դպրոցից: Զոհվելուց հետո իմացանք, որ 2016 թվականին հետախույզ որդիս ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ է գերեվարել:Ավագ լեյտենանտ էր, բայց կապիտանը ստացավ զոհվելուց հետո:Ինքը դասակի հրամանատար էր, սակայն վերջին օրերին գումարտակի հրամանատարությունն է ստանձնել: Ինքը մինչև վերջին պահը սթափ է եղել: Եղել է հանգիստ: Արնաքամ է եղել, բայց գիտակցել է, որ հանուն հայրենիքի ու մեզ է»,-պատմում է մայրը` Լիլիթ Վարդանյանը:

Գագիկը պատասխանատվությունից երբեք չէր փախչում: Նա առաքելություն ուներ և գնում էր իր բաժին հերոսությանը ընդառաջ:Դեռ պատանեկան տարիքում որոշեց անդամագրվել ОМОН-ին: Երևանի կենտրոնում մեծացած տղան որոշել էր վրեժ լուծել և կռվել նաև ընկերոջ` 2016 թվականին հերոսացած Ադամ Սահակյանի փոխարեն:

Ցավը խորն է, ծնողները հուզվում են, բայց հատիկ-հատիկ պատմում են Գագիկի մասին ու թերևս ապրելով հուշերով` ապրեցնում են Գագիկի հերոսության և ուժի մասին լեգենդով:
Բռնցքամարտիկ էր Գագիկը և բազմաթիվ գավաթներ ուներ:Այդ գավաթները խորհրդանշում են նրա հաղթանակատենչ բնավորությունն ու չհանձնվողի հոգեբանությունը:

Գագիկ Պողոսյան հերոսի մասին դեռ շատ կպատմեն:
Մինչ զոհվելը նա հասցրեց շատերի կյանքը փրկել: Հասցրեց զոհված ընկերներին դուրս բերել թշնամու կողմն անցնող տարածքներից:

Մարտական ընկերը` Լևոն Իսկանդարյանը, Arlur.am-ի հետ զրույցում նշեց.

«Նա իրոք կատաղի մարտ էր վարում: Մենք մոտակա մարտերի մեջ էլ մտանք, և Գագիկը միշտ առջևում էր ու հետ էր մղում մինչև ատամները զինված թշնամուն»:

Գագիկին «հաղթեց» ԱԹՍ-ի հարվածը, կամ ավելի շուտ չհաղթեց, որովհետև Գագիկը նույնիսկ երկնքում տերն է իր հայրենիքի: Գագիկ Պողոսյանը հաղթել է արցախյան երրորդ պատերազմում և շարունակելու է հաղթանակներ կերտել իր օրինակին հետևող սերնդի շնորհիվ:

Գագիկը ուրիշ էր և նրա մասին պատմելու դեռ շատ բան կա:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կայացավ Գագիկ Պողոսյան հային, հերոսին, բռնցքամարտիկին նվիրված հուշամարցաշարը:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *