«Վայելեցի պատմական Արցախիս գեղեցկությունը». բարերար Մարինե Հովակիմյանը դրամական օգնություն տվեց մարտիկներին /տեսանյութ/

«Ես ապրում եմ Ռումինիայում, որովհետև հայի բախտն է այդպիսին տրվել։ Իմ տատն ու պապն են ապրել Ռումինիայում ու հայրենադարձվել են 1946 թվականին։ Ես ապրում եմ Ռումինիայում, բայց իմ ներսում միայն իմ հայրենիքի կանչն է, միայն իմ Հայաստանը»,-Arlur.am-ի հետ զրույցում ասաց գործարար, բարերար Մարինե Հովակիմյանը, ով Ռումինիայում հյուրանոցային բիզնես ունի։

Մարինե Հովակիմյանը Հայաստան եկավ,որովհետև չի կարողանում Հայաստանից կտրված ապրել։ Սեպտեմբերի 10-ին նա արդեն իր հայրենիքում էր։ Տիկին Հովակիմյանը նշում է, որ իր համար շատ կարևոր էր Արցախ այցելությունը։ Սեպտեմբերի 18-26-ին Արցախում էր։

«Վայելում էի իմ թանկ Արցախի գեղեցկությունը։ Եղա բոլոր վանքերում ու եկեղեցիներում։ Սեպտեմբերի 26-ին վերադարձա Երևան, իսկ 27-ին արդեն պատերազմ էր»,-պատմում է Մարինե Հովակիմյանը։

Գործարար հայուհին բավականին լուրջ օգնություն է ցուցաբերել իր հայրենիքին։ Այդ օգնությունը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ապա նաև կարիքավոր ընտանիքներին և զինծառայողներին՝ անձնական այցերի միջոցով։

Բարերարը բարձր է գնահատում նաև Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև Սրբազանի գործունեությունը։

«Սրբազանը մոտ երկու ամիս զինվորների, կամավորների կողքին էր։ Նա պատրաստ էր անգամ զոհվել։ Իսկ ես մինչև կյանքիս վերջը պատրաստ եմ իմ լուման ներդնել հանուն հայրենիքի, կլինեմ այս պատերազմից տուժած, վիրավոր զինվորների կողքին։ Ես ամեն բան կանեմ, որ կարողանամ օգնել իմ Հայաստանին»,-նշեց բարերարը։

Մարինե Հովակիմյանը դրամական աջակցություն ցուցաբերեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (OMOH) մարտիկներին։

Գնդապետ Գրիշա Սարգսյանը, ողջունելով հայրենասեր հայուհու պատրաստակամությունը, նրան պարգևատրեց «Փառապանծ մարտիկ» հուշամեդալով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *