Տավրոսը իր հետ Հայաստանից տարավ երեխաների շնորհակալ հայացքները․ բարերարի արածի մասին

Հայաստանից հեռու ծնված՝ գործարար, բարերար Տավրոսի հոգում միշտ կարևոր տեղ է ունեցել հայրենիքը։ Հայերեն խոսում է գրեթե առանց բարբառի՝ չնայած գործունեության ընթացքում հիմնականում շփվում է այլ ազգերի հետ։

Տավրոս Ասլանյանի արմատները սերում են Վանաձորից։ Հպարտանում է՝ հայ եմ ու լոռեցի։ Նա ծնվել է Գերմանիայում, այժմ բնակվում է Նիդերլանդների Ամստելվին քաղաքում, բայց հոգին և միտքը հայրենիքի շենացման գործին է նվիրել։

Arlur.am-ի հետ զրույցում երիտասարդ բարեգործը պատմեց․ «Հայաստանիս կարիքավոր՝ հիմնականում սամանամերձ համայնքերին, պետք է նվիրենք գույք։ Այն Հայաստան է բերվել  6 մեծ կոնտեյներներով։ Ներառում է՝  դպրոցական գույք (նստարաններ, ուսուցչական գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, պահարաններ, մարզադահլիճի համար նախատեսված կահույք), ինչպես նաև համակարգիչներ ենք բերել Հայաստան: Նպատակը մեկն է՝  ամբողջ գույքը նվիրաբերել Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի առավել կարիքի մեջ գտնվող շուրջ 20 դպրոցի: Ես մտադիր եմ նախաձեռնությունը դարձնել շարունակական, քանի որ տեսնում եմ իմ հայերի երախտագետ ու բարի աչքերը»։

Տավրոս Ասլանյանին աջակցել և նրա հետ նախաձեռնությունը իրականություն են դարձրել Հոլանդիայում բնակվող գյումրեցի Սամվել Սուքիասյանը և արմատներով Արևմտյան Հայաստանից (Դիարբեքիր), Հոլանդիայում ծնված Վիգեն Թոքերը։
Տավրոսը և ընկերները օրեր շարունակ  Գյումրիում էին , որտեղ էլ բերվել էր բարեգործական նպատակներով Հայաստան հասցված գույքը։

Տավրոսը երջանիկ է, քանի որ բոլոր խոչընդոտները հաղթահարել է, և իր իսկ ներկայությամբ բաշխվել  է գույքը։

Բարերարը չէր կարող չապրել հայրենիքի խնդիրներով։ Իմանալով,  որ Հոլանդիայի Ամստելվին քաղաքի քոլեջներից մեկը՝ «Հերման Վեսելինկը»,  պատրաստվում է թարմացնել իր գույքը՝ շտապեց դիմել իր խնդրանք-ծրագրով։

«Հանդիպեցի տնօրինության հետ, խնդրեցի թարմացման ենթակա գույքը, որը բավական լավ վիճակում է, նվիրաբերել Հայաստանին, որի կարիքն այստեղ ավելի շատ է: Դպրոցի տնօրինությունը սիրով համաձայնեց: Ես միայնակ չէի կարողանա իրագործել այս ծրագիրս․ տեղեկություն տարածեցի, որ նման նախաձեռնություն ունեմ: Շատ արագ տեղի հայ համայնքից արձագանքեցին: Դուք չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում, ու թե հայերը ոնց էին ջանասիրաբար օգնում։ Օգնում էին նաև հոլանդացիները։

Օրերով աշխատեցինք։ Մեծից-փոքր գալիս էին, մինչև գիշեր օգնում գույքը դպրոցից հանել, բեռնել մեքենաները: Շատ սրտանց, համախմբված աշխատեցինք, ես շատ լավ մարդկանց հետ ծանոթացա: Հոլանդիայի հայ համայնքը ֆինանսապես աջակցեց:

Սակայն Հայաստանում իրավիճակը այլ եղավ։  Պահեստի հարցում ո՛չ մարզային, ո՛չ քաղաքային իշխանությունները չօգնեցին․ մեզ օգնության ձեռք մեկնեց պարոն Սուքիաս Ավետիսյանը, որը շատ արագ կազմակերպեց պահեստավորման  խնդիրը: Կան անհատներ և կազմակերպություններ, որոց պարտավոր եմ նշել և հայտնել շնորհակալությունս։ Առաջինը՝ «Հերման Վեսելինկ» քոլեջին՝ գույքի նվիրաբերման համար, հայ համայնքին՝ գումարներ հավաքագրելու, աշխատուժով օգնելու համար, դեսպան Տիգրան Բալայանին, հյուպատոս Դավիթ Միրզախանյանին, «Նիդերլանդական օրագիր» կայքին, որ մեր նախաձեռնության մասին բարձրաձայնեց, Հայաստանում «Ֆուլ Լայֆ» ՀԿ-ին, որ բեռնատարներին ընդունել է, մինչև մենք կգայինք (տնօրեն Սուրեն Մաղաքյանին, փոխտնօրեն Հայկ Մկրտչյանին), «Մարինա Տրանսպորտ»  ընկերությանը, որ բեռնափոխադրման հարցերով է օգնել (տնօրեն` Հարություն Հարությունյան), Սփյուռքի գրասենյակին, Գյումրիի Մաքսային կառույցի տնօրեն Նարեկ Գևորգյանին»։

Տավրոս Ասլանյանը հայտնում է, որ իր համար շատ ցավոտ էր արցախյան վերջին պատերազմը, սակայն նպաստելու է, որ բացված վերքերը հնարավորինս շուտ սպիանան։ Նա բարեգործության մասին մանրամասնել չի ցանկանում, բայց ուզում է, որ շատերը մտածեն ազգի մասին։

«Ինչպե՞ս կարող է մեկը շքեղ մեքենա վարել, այդքան գումար վառելիքի վրա ծախսել, իսկ այստեղ, այսպես ասած, առանց բավարար պայմանների երեխաներ են ապրում, դպրոց կամ մանկապարտեզ  հաճախում․․․»,-իր տեսակետն է հայտնում Տավրոս Ասլանյանը։

Մոսկվայի «Զվարթնոց» մշակութային հիմնադրամի նախագահ, մշակույթի բազմավաստակ գործիչ Անժելա Ստեփանյանը այս օրերին աջակցել  է Տավրոս Ասլանյանին։ Նա Մոսկվայից Գյումրի է ժամանել, որպեսզի իր աշխատանքով ևս նպաստի այս մարդասիրական նախաձեռնությանը:

Arlur.am-ը՝ բարերարի հետ միասին, եղավ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի չորս դպրոցներում։ Երեք դպրոցներում դասասենյակներ բացվեցին՝ Տավրոս Ասլանյանի անունով։

Տավրոս Ասլանյանը Մոսկվայի «Զվարթնոց» մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանի կողմից արժանացավ հատուկ շնորհակալագրի։

«Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը Տավրոս Ասլանյանին պարգևատրեց «Սուրբ Վարդան» հուշամեդալով։

«Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ Լուսին Ղազարյանը ևս շնորհակալագիր հանձնեց բարերարին։

Տավրոսը Հայաստանից հեռացավ բուռն տպավորություններով։ Նա վստահեցրեց, որ շուտով հայրենիք կգա նոր ծրագրերով։

Պատրաստեց՝ Լուսին Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *