Երեք մանկահասակ երեխաների հայրը «ծուղակն ընկավ»․ ջարդված ոտքերից մինչև թալանված միլիոնատիրոջ ոդիսականը /տեսանյութ/

Նախապատմություն․ 35-ամյա Պերճ Մկրտչյանի ընտանիքում պետք է ծնվեր երրորդ երեխան։ Պերճը ընտանիքասեր և աշխատասեր հայ տղամարդ է։ Այդ մասին պատմում են նրա ընտանիքին մոտ կանգնած անձինք։ Թագավարակի(կորոնավիրուս) պայմանները սակայն Պերճին կանգնեցրին լուրջ դժվարությունների առաջ։ Որոշեց օգտվել հարևանի՝ 20-ամյա Հայկի առաջարկից, և Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Զավեն Կարապետյանից տոկոսով գումար վերցնել։

«Դե՛, գործերը կարգավորելու համար 1 000-1500 դոլարի կարգի գումար էր պետք։ Երեխա պետք է ունենայի և պատրաստ էի տոկոսը վճարել։ Հայկի հետ գնացինք Կանաչուտ։ Հայկը մտավ տուն։ Ես մոտ 15-20 րոպե սպասում էի դրսում։ Հայկը ձայն տվեց՝ Պե՛րճ,Պե՛րճ․․․տոպրակ գցեց, թե շուտ վերցրու։ Մեկ էլ հետևից մարդ դուրս եկավ, իսկ ինքը փախավ հակառակ ուղղությամբ։Ձեռքս գցում եմ, որ տոպրակը վերցնեմ, մեկ էլ վրաս արդեն զենք էր պահած։ Ասում ա՝ կանգնիր, թե չէ կսպանեմ։ Տոպրակը արդեն ձեռքս էր, քաշվեցի նավեսի տակ։ Մտածում էի կարող է հանկարծ խփի ու սպանի։Փախա․․․»,-Arlur.am-ի հետ զրույցում պատմեց «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող,  կալանավորված անձ Պերճ Մկրտչյանը։

Պերճի խոսքով՝ ինքը վազել է այլ ուղղությամբ, իսկ Հայկը՝ այլ։ Վախից ընկել է ու շատ ուժեղ ցավ զգացել։Երբ կարողացել է նստել, բացել է տոպրակը և տեսել տուփերի մեջ տեղադրված գումարը։ Նշում է, որ տարբեր արժույթներ են եղել։

«Ոտքերս գնալով ուռում էին ու ես սթրեսի մեջ էի։ Ցավերս ուժեղացան ու ես օգնություն կանչեցի։ Երկու ոտքերս էլ կոտրված էին։ Ջուր էի խնդրում։ Մոտս հեռախոս էլ չկար։ Մարդը, ով օգնեց ինձ, զանգ կատարեց․ «Սմբո՛, մի հատ եկեք»,-ասաց։ Հինգ րոպե հետո ոստիկանության մեքենան եկավ։ Ես գումարը ծոցս դրեցի։ Հարցրին, ու ես ասացի՝ գլխարկս է։ Հասանք բաժին ու ոստիկանները ուզում էին ինձ նստեցնել, բայց ես ասում էի, որ չեմ կարող։ Շատ ուժեղ ցավ էի զգում։ Ծոցիս գումարը գետնին լցրին և առանց ընթերականների սկսեցին հաշվել։ Տուժողը ասում է, որ 66 միլիոն է եղել։ Ես դա չեմ կարող հաստատել։Ես գետնին էի ու այդ ժամանակ ոստիկանները հաշվում էին գումարը։ Ես ցավին չէի դիմանում, բժիշկ կամ ցավազրկող էի ուզում։ Իրենք ինձ անտեսում էին։ Տարբեր ոստիկաններ էին ներս գալիս ու հաշվում էին գումարը։ Հետո ինձ թուղթ տվեցին,որ ստորագրեմ, թե ինչ գումար է եղել։ Հետո կանչեցին ընթերականներ ու նորից տոպրակով գումարը դրեցին ծոցս։ Այս անգամ արդեն պրոցեսը նկարահանվում էր»,-մանրամասնում է Պերճ Մկրտչյանը։

Կալանավոր Մկրտչյանի խոսքով՝ ընթերականների մոտ ներկայացվել է եղած գումարի փոքր մասը, հետո իրեն օգնություն ցույց տալու նպատակով տարել են մեկ այլ սենյակ։ Վերադառնալուց հետո հասկացել է, որ հենց ոստիկանները յուրացրել են տոպրակում եղած գումարի մեծ մասը։

Պաշտոնական․

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Զավեն Կարապետյանի տան առաջին հարկում՝ խոհանոցում դրված երկաթյա չհրկիզվող պահարանի ներքևի դուռը բաց է եղել, վերևի դռան արանքում մտցված է պտուտակահան, իսկ զննությանը մասնակից Զավեն Կարապետյանը հայտարարել է, որ իր տուն մուտք գործած անձինք եղել են երկու հոգի, որոնք եղել են դիմակավորված, ինքը նկատել է նրանց։

Դեպքի առթիվ 29․11․2020թ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Պերճ Հակոբի Մկրտչյանը և Հայկ Հովիկի Հովհաննիսյանը։

Դիտարկում․ Զավեն Կարապետյանը ներկայանում է որպես անապահով և միայնակ թոշակառու և կոմունալ վարձավճարները վճարելու նպատակով օգնություն ստանում համայնքապետարանից։

Օգոստոսի 26-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում կայացած դատավարության ընդմիջման ժամանակ Arlur.am-ը կարճ զրույց ունեցավ տուժող Զավեն Կարապետյանի հետ։

«Ամբողջ կյանքում ինձ զրկել եմ, գումար եմ հավաքել, որ վիրահատվեմ։ Փողս թող տան ու ես բողոք չունեմ»,-ասաց։

Կալանավորի անկեղծ խոստովանությունը․Պերճ Մկրտչյանը հավաստում է, որ ինքը ձերբակալվել է մոտ երեք ժամ ավելի շուտ , քան պաշտոնական տվյալներով ներկայացվում է։ Նրա խոսքով ձերբակալվել է ոչ թե 19։35-ին, այլ 15։30-16։00 ընկած ժամանակահատվածում։

Սրա հետևությունը թողնում եմ իրավապահներին։

Կոտրված ոտքեր և մարդու իրավունքների խախտում․ «Սարսափելի ցավերով ինձ բերել են «Էրեբունի» հիվանդանոց, անգամ ռենտգեն չեն արել, կատեի ապարատի մեջ են մտցրել ոտքերս ու հետո գիպս դրել։Հետո երեք օր պահել են КПЗ-ում։Դրանից հետո բերել են ՔԿՀ։ Ինձ չեն ընդունել։ Ծանր վիճակում տարան դատապարտյալների հիվանդանոց։ Ես այնքան վատ էի, որ իմ բնական կարիքները հոգալ չէի կարող։

Դիտարկում․ Պերճ Մկրտչյանը առ այսօր ցավեր ունի, քայլում է մի կերպ՝ հենակներով, ոտքերի ոսկրային հատվածները սևացած են։ Կա բժշկի եզրակացություն, որ նրան հետագա բարդություններից խուսափելու համար վիրահատություն է հարկավոր։

Դիտարկում․

Ա․Պերճ Մկրտչյանի հայրը մահացել է որդու կալանավորումից հետո։ Փոքր որդին հինգ ամսական է։ Նրա խնամքի տակ գտնվում են կինը, հաշմանդամ մայրը և երեք երեխաները։

Բ․ Զավեն Կարապետյանը շարունակ փոխում է ցուցմունքները․ նրա զենքի օրինականության և տոկոսով գումար տալու իրավասության մասով որևէ խոսք չկա։

Գ․ Պերճ Մկրտչյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի բոլոր միջնորդությունները մերժվում են։

Դ․ Քննչական կոմիտեում 11 ոստիկանների դեմ հարուցված է քրեական գործ, որտեղ Պերճ Մկրտչյանը տուժող է ճանաչվել։ Նկատենք, որ այս գործին ևս ընթացք չի տրվում։

Հ․ Գ․ «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիան և Arlur.am լրատվական կայքը հետևողական են լինելու, որպեսզի վերականգնվեն Պերճ Մկրտչյանի խախտված իրավունքները․ վերջինս պետք է անհապաղ ենթարկվի վիրահատության։

Լուսին Ղազարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *